Քաղաքական

16.02.2021 16:56


Կառավարությունը չի տիրապետում սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի, ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ ինչ մակարդակի սահմանային խնդիրներ ունի. Խնձորեսկի վարչական ղեկավար

Կառավարությունը չի տիրապետում սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի, ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ ինչ մակարդակի սահմանային խնդիրներ ունի. Խնձորեսկի վարչական ղեկավար

Երեկվանից համացանցում, և ոչ միայն, ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սահմանամերձ գյուղերի՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ցուցակը: Խնձորեսկի գյուղապետարանի հաղորդմամաբ՝ այս մասին հայտարարել է Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Երվանդ Մալունցը։

«Պատերազմի ավարտից ի վեր տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որոնց հայկական կողմից մասնակցում են տեղաբնակները և բանակը. պարզ է, որ կառավարությունից ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ սահմանային ինչ մակարդակի և լրջության խնդիրներ ունի: Արձանագրենք փաստ, որ սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում:

Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»: 434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, և հարց` սահմանամերձն էլ ո՞նց է լինում»,-հայտարարել է Մալունցը և հետգրությամբ դիմել կառավարությանը՝ հորդորելով լուրջ հարցերում չշտապել, իսկ ինչ վերաբերվում է հավանությանը, ապա ոչ այդքան կարևոր է իր՝ Կառավարության, որքան սահմանին ապրող գյուղացու կարծիքը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով մասնավորապես հայտնում էր, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը