Կարծիք

10.03.2021 18:43


Հայաստանում ստեղծվել է իրավական քաոս, Փաշինյանը ճգնաժամի մեջ է գցել իրեն վստահված երկիրը և այդ ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում

Հայաստանում ստեղծվել է իրավական քաոս, Փաշինյանը ճգնաժամի մեջ է գցել իրեն վստահված երկիրը և այդ ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ էֆեկտիվ կառավարիչ է։ Նա ճգնաժամի մեջ է գցել իրեն վստահված երկիրը և այդ ճգնաժամը օրեցօր ավելի է խորանում։
Ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծվել է իրավական քաոս, որտեղ ցանկացած քայլ նույնքան լեգիտիմ է, որքան էլ ոչ լեգիտիմ։ Սահմանադրության շարունակական բռնաբարման, Սահմանադրական դատարանի փաստացի բացակայության պայմաններում օրենքներն ու Սահմանադրությունը այնքան են ճապաղել, որ կարելի նրանց տալ ցանկացած մեկնաբանություն։
Ակնհայտ է, որ ընդդիմությունը ցանկանում է իշխանությունը վերցնել հնարավորինս լեգիտիմ ձևով։ Բնական է ենթադրել, որ դրա համար նա խորհրդակցում է նաև արտաքին ուժերի հետ, ովքեր հետո պետք է հաստատեն այդ լեգիտիմությունը։
Բնական է ենթադրել, որ արտաքին ուժերի հետ խորհրդակցում են նաև քաղաքական պրոցեսի մյուս մասնակիցները՝ Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Գլխավոր շտաբը։
Փաստն այն է, որ կամա, թե ակամա, այդ կոնսուլտացիաների արդյունքում, թե սեփական ինտելեկտի, դրսից ստացվող «քայլ-ստոպ, քայլ-ստոպ» անընդհատ սիգնալների, թե սեփական անվճռականության հետևանքով, ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանում այլևս չի կարող լրիվ լեգիտիմ իշխանություն լինել։ Լեգիտիմ չի Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմ չի Արմեն Սարգսյանը, լեգիտիմ չի լինի քաղաքական ընդդիմությունը, եթե վերցնի իշխանությունը, նույնկերպ և լեգիտիմ չեն լինի գեներալները իշխանությունը վերցնելու դեպքում։
Արտաքին շատ ակտորների այս պահին պետք չի Հայաստանում ուժեղ լեգիտիմությամբ իշխանություն, և այս նպատակը, կամ թե ակամա, իրականացվել է։ Նոր իշխանությունն ինքը ժամանակի ընթացքում պետք է իրեն լեգիտիմացնի։
Այստեղ է հարցի հակասիմետրիան․ եթե Նիկոլ Փաշինյանը անգամ արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվի, նա չի կարող ավելացնել իշխանության լեգիտիմությունը, իսկ ընդդիմությունը, ինչ ճանապարհով էլ որ գա իշխանության, ունի լեգիտիմանալու լուրջ հնարավորություն։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը