Կարծիք

07.05.2026 11:20


Արդարության դեֆիցիտից մինչև արտագաղթ․ ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը. Հրաչյա Ռոստոմյան

Արդարության դեֆիցիտից մինչև արտագաղթ․ ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը. Հրաչյա Ռոստոմյան

Արդարության դեֆիցիտից մինչև արտագաղթ․ ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը։

Գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը։

«Երբ հազարավոր ընտանիքներ ապրում են սոցիալական լուրջ դժվարությունների պայմաններում, իսկ այդ նույն ժամանակ իշխանության «արտոնյալ» շրջանակը պետական բյուջեից ստանում է միլիոնների հասնող պարգևավճարներ, սա պետական մտածողության լրջագույն ճգնաժամ է։

Ինքս՝ որպես նախկին պետական պաշտոնյա, համոզված եմ, որ նման քաղաքականությունը ոչ միայն անարդար է, այլև վտանգավոր պետության ապագայի համար։

Երբ հասարակության մեծ մասը համոզված է, որ իշխանությունը գործում է ոչ թե հանրային շահի, այլ` հանուն «յուրայինների» սպասարկման, ապա պետության կայունությունը վտանգված է։ Երբ քաղաքացին ամեն օր բախվում է թանկացումների, ցածր աշխատավարձերի, սոցիալական անապահովության ու անարդար հնարավորությունների, բայց միաժամանակ տեսնում է, թե ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանում, ձևավորվում է խոր հիասթափություն և օտարում պետությունից։

Սա ազգային անվտանգության խնդիր է։

Արտագաղթը սկսվում է ոչ միայն տնտեսական դժվարություններից, այլև անարդարության զգացումից։ Երբ պետական ծառայողը համոզվում է, որ այս երկրում գնահատվում են ոչ թե աշխատանքն ու մասնագիտական կարողությունը, այլ` քաղաքական հավատարմությունը, նա կորցնում է սեփական ապագայի հանդեպ վստահությունը։

Պարգևավճարների մասին

Այսօր իշխանությունները խոսում են «բոլորի Հայաստանից», սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Միլիոնների հասնող պարգևավճարները բաժին են հասնում նեղ շրջանակի՝ քաղաքականապես «վստահելի» պաշտոնյաներին, մինչդեռ պետական համակարգի հազարավոր պրոֆեսիոնալներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, համայնքային և պետական ծառայողներ, շարունակում են գոյատևել համեստ աշխատավարձերով։

Սա սոցիալական արդարության կոպիտ խախտում է։

Ինչպես իրավացիորեն նշել է Գագիկ Ծառուկյանը, խնդիրը պարգևավճարների գոյությունը չէ։ Խնդիրը դրանց բաշխման անարդար, փակ և քաղաքականացված համակարգն է։ Չեն կարող նույն համակարգում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ստանալ միլիոնավոր դրամներ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ՝ չնչին հավելավճարներ կամ ընդհանրապես ոչինչ։

Մեր քաղաքական թիմը համոզված է, որ պետությունը չի կարող բաժանվել «արտոնյալների» և «մնացածների»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իշխանության գալու պարագայում երաշխավորում է, որ պետական և քաղաքացիական ծառայողները չեն ենթարկվելու քաղաքական ճնշումների, չեն զրկվելու աշխատանքից իրենց հայացքների համար և չեն հարկադրվելու սպասարկել որևէ քաղաքական օրակարգ։

Պարգևավճարների համակարգը պետք է գործի բացառապես օրենքով սահմանված հստակ չափորոշիչներով՝ հիմնված սոցիալական արդարության, որակյալ աշխատանքի արժանի խրախուսման և մասնագիտական առաջխաղացման սկզբունքների վրա։

Պետք է տարանջատել պետությունն իշխանությունից։ Պետությունը պետք է գնահատի իր ծառայողի աշխատանքը, ոչ թե քաղաքական հավատարմությունը։ Պետական բյուջեն պետք է ծառայի հանրությանը, ոչ թե նեղ խմբերի արտոնություններին։ Պետությունը պետք է ստեղծի աշխատանքային առողջ հարաբերություններ և առողջ մթնոլորտ` վախից և քաղաքական պարտադրանքից ազատ։

Այդպիսի երկիրն է կայուն, այդպիսի երկրում ուզում են մնալ և ստեղծել, այդպիսի երկիրն ունի ապագա»։

Այս խորագրի վերջին նյութերը