Հարցազրույց

17.03.2021 10:07


«Քիչ թե շատ հանրային հնչեղություն ունեցող բոլոր քրեական գործերն ունեն մի քննիչ, մի դատախազ ու մի դատավոր՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի». Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Քիչ թե շատ հանրային հնչեղություն ունեցող բոլոր քրեական գործերն ունեն մի քննիչ, մի դատախազ ու մի դատավոր՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի». Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Գործին ընթացք տալը ձգձգվում է, որովհետև շատերի համար անցանկալի հետևանքներ կարող է առաջացնել այս գործի ամբողջական բացահայտումը: Ես ենթադրում եմ, որ սա նույն կերպ ձգձգվելու և քնեցվելու է, ինչպես և հայտնի գաղտնալսումների հետ կապված գործը: Սրանք իրականում մի շղթայի օղակներ են, իսկ շղթան հավանաբար կայանում է նրանում, ցանկացած քիչ թե շատ հանրային հնչեղություն ունեցող քրեական, քաղաքացիական կամ գուցե վարչական գործի ընթացքը թելադրվում է Նիկոլ Փաշինյանի կողմից նրա ենթակաների միջոցով: Խնդիրն այն է, որ այդ կարգի գործերն ունեն մի քննիչ, մի դատախազ ու մի դատավոր՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Եվ եթե հանկարծ որևէ մի քննիչ, դատախազ, առավել ևս՝ դատավոր, հանդգնի ինքն իր կարգավիճակում հանդես գալ, լինում են ծանր հետևանքներ, ինչպես եղավ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում: Փաստորեն, մենք երկրում ունենք գերագույն գլխավոր դատավոր, որը որոշել է, որ բոլոր գործերով ինքն է լուծումը տվողը»,-168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի առնչությամբ մեր սկանդալային հրապարակմանը, ըստ որի՝ վերջինս ուղղակիորեն ցուցումներ է տալիս քննիչ Արթուր Այվազյանին, մասնավորապես՝ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին առնչվող քրեական գործով, և թե ինչու է ձգձգվում քրեական գործի հարուցումը:

Հարցին, թե ինչո՞ւ դատախազությունն ինքն անմիջապես գործ չհարուցեց, փաստաբանը պատասխանեց՝ որովհետև դատախազությունն էլ ուղղորդվում է նույն կենտրոնից:

Հայկ Ալումյանը հիշեցրեց նաև ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսման ու հրապարակման դեպքը, երբ գործը հարուցվեց ոչ թե զրույցների բովանդակության, այլ գաղտնալսման անթույլատրելիության մասով, նկատեց, որ մոտ 2.5 տարի նախաքննությունն ընթանում է, բայց դեռ որևէ հանգամանքի վրա լույս չի սփռվել:

«Այս գործին էլ նույն ճակատագիրն է սպասվում»,-նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից այսքան բացահայտ ապօրինություններ գործելը պայմանավորված է հասարակության անտարբերությամբ:

«Տեսնում են, որ սա հանրությանը բացարձակապես չի հուզում: Ավելի ասեմ, մարդիկ կան, ու նրանք քիչ չեն, ովքեր ասում են՝ շատ էլ ճիշտ են անում, այ հենց այդպես էլ պետք է անեն: Այդ մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, որ սա այնպիսի պրոցես է, որ բավական է՝ սկսվի, չկա սահման, որի վրա ինքը կարող է կանգ առնել»,-ասաց Հայկ Ալումյանը:

Վերջինս նկատում է, որ, երբ իշխանությունը որևէ դատավորի ստիպում է կատարել «կեղտոտ» պատվեր, այդ դատավորը ձեռք է բերում վստահություն, որ ինքն անձեռնմխելի է, նա իրեն թույլ է տալիս օրենքը «ծռել»՝ երբ և ում առնչությամբ ցանկանա:

«Կոռուպցիան էդտեղ է սկսվում, իրականում դատական համակարգն այդտեղ է փչանում: Մենք նոր չենք դատական համակարգը քննադատում, բայց այն, ինչ այսօր է կատարվում, գերազանցել է բոլոր հոռետեսական կանխատեսումներին՝ բացասական իմաստով»,-ասաց Հայկ Ալումյանը:

Խոսելով Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախությունը վերացնելու՝ կառավարության օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության մասին՝ Հայկ Ալումյանը նախ նշեց, որ ՄԻՊ ինստիտուտը պետության կողմից ստեղծվող, պետական ֆինանսավորում ունեցող մարմին է, բայց ստեղծված է պետությունը քննադատելու համար:

«Պետությունն օրենքով ստեղծում է մի մարմին, որի ֆունկցիան իր սխալները մատնանշելն է, որ այլ տեղից դա չասեն, ու պետությունն ուղղվի: Դա նույնն է, որ ինչ-որ մեկը գնում է ճնշում չափող սարք, որ տեսնի՝ իր ճնշումը նորմա՞լ է թե՞ իրեն բուժում է պետք: Այդ ինստիտուտը ստեղծելուց հետո պետությունն այդ պաշտոնում ընտրում է մի մարդու, ում կարծիքին մարդու իրավունքների մասին հենց այդ իշխանությունն ավելի շատ է վստահում: Պետությունը շահագրգիռ է ՄԻՊ պաշտոնում նշանակել լավագույն փորձագետին: Հիմա, երբ այդ մարդն ասում է պետությանը՝ քեզ մոտ ինչ-որ բան այն չէ, սկսում են այդ մարդուն հալածել»,-համեմատությունների ու փոխաբերությունների օգնությամբ ՄԻՊ ինստիտուտի գործառույթները բացատրեց փաստաբանը:

Նա նշեց նաև, որ ՄԻՊ ինստիտուտի թիվ մեկ շահառուն կառավարությունն է, երկրի իշխանությունները, որն իրենք ոչ մի կերպ չեն կարողանում ընկալել:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե բացահայտվել է Մարտի 1-ի ֆոնը, Հայկ Ալումյանն ասաց, թե չի հասկացել՝ ինչ նկատի ունի նա:

«Մարտի 1-ն առանձնանում է հատկապես նրանով, որ այդ իրադարձությունների ժամանակ Երևանում 10 հոգի է զոհվել: Չլինեին այդ զոհերը, «Մարտի 1»-ի գործը կլիներ մի շարքային հանրահավաք, որը ցրվել է, ինչպես օրինակ, Իջևանում: 10 զոհերից որևէ մեկի սպանության կատարողը, հանգամանքները, սպանության հրամանը տվողին, դեռ չբացահայտված՝ Նիկոլ Փաշինյանը 2018թ օգոստոսին ասում է՝ «Մարտի 1»-ի գործն ամբողջովին բացահայտված է: Այսինքն՝ հանրության մեջ շատերը հետևություն արեցին, որ այս մարդուն 10 զոհերը չեն հետաքրքրում, այլ, որ հաջողվել է իր քաղաքական օպոնենտներին մեղադրանք առաջադրել»,-ասաց այդ գործով անցնող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:

2021թ. մարտի 1-ին, ըստ Հայկ Ալումյանի, Նիկոլ Փաշինյանը փորձեց շտկել 2018-ին ասածը, բայց ասաց ավելի տարօրինակ բան, քան մինչ այդ էր ասել. Մարտի 1-ի ֆոնը բացահայտված է:

«Իրավաբանության մեջ բացարձակ անիմաստ արտահայտություն է: Միգուցե ինքն իրավաբանությո՞ւնն էլ է ցանկացել իր կետից սկսել, քանի որ մինչ այդ ոչ միայն իրավաբանության, այլև տրամաբանության մեջ նման երևույթ չի եղել: Ի՞նչ է նշանակում՝ հանցագործության ֆոնը բացահայտվել է…»,-տարակուսեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ ցանկացած հանցագործություն, որը հնարավոր է բացահայտել, անպայման պիտի բացահայտվի, և ցանկացած պաշտոնատար անձ, եթե կատարել է հանցագործություն, ապօրինի գործողություններ, պետք է անպայման պատասխանատվություն կրի, որպեսզի ապագայում որևէ մեկի մտքով նման բան չանցնի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը