Հարցազրույց

19.03.2021 10:11


Այս իշխանությամբ՝ առանց վիճակը կայունացնելու, արտահերթ ընտրության գնալն աղետաբեր կլինի տնտեսության համար, երբ առանց այդ էլ անկման տեմպն արագանում է. Կարեն Ճշմարիտյան (տեսանյութ)

Այս իշխանությամբ՝ առանց վիճակը կայունացնելու, արտահերթ ընտրության գնալն աղետաբեր կլինի տնտեսության համար, երբ առանց այդ էլ անկման տեմպն արագանում է. Կարեն Ճշմարիտյան (տեսանյութ)

Տնտեսական անկումը շարունակական է, ամեն մի նոր անկում նախադրյալներ է ստեղծում հետագա ճգնաժամերի համար, տնտեսությունը թուլանում է, պետք են արմատական քայլեր, նոր ռեսուրսներ. տնտեսության տված ապտակը շատ ծանր է լինում, չի կարելի խաղ անել, տնտեսությունը չի սիրում հեղափոխություն, ցնցումներ, «տնտեսական հեղափոխությունն» ընդամենը քաղաքական հայտարարություն էր, որը տնտեսագիտության հետ կապ չունի: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Այս իրավիճակը ներդրումների նվազման հիմք է ստեղծում։ Կառավարության անդամներից մեկն այսօր ընդունեց, որ բիզնեսները փակվում են, և եթե ընտրություններ էլ կազմակերպվեն, դա զարգացման լրացուցիչ խոչընդոտ կլինի։ Եթե այս անկումը շարունակվի, շատ դժվար կլինի կողմնորոշվել՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, այսօր դեռևս հնարավոր է կայունացնել վիճակը, բայց 2-3 ամսից այդ հնարավորությունը չի լինի, մենք արդեն ծանրագույն վիճակում ենք»,-ասել է նախկին նախարարը:

Ըստ Ճշմարիտյանի՝ եվրապարտատոմսերի հաշվին աշխատավարձ բարձրացնելը նշանակում է սպառում պարտքի հաշվին, ինչի արդյունքում ուռճացված պարտքային բուրգը մնում է հաջորդ սերունդների և կառավարությունների վրա. «Սա պոպուլիստական մոտեցում է, չունի որևէ տնտեսագիտական հիմնավորում, երբ փոխարենը որոշ ուղղություններում կարելի էր կրճատումներ անել։ Մեր աղբյուրը վիճակագրական կոմիտեի թվերն են, դրանից ակնհայտ է, որ անկման տեմպն արագանում է։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ են կապիտալ ներդրումների ծախսերը թերակատարվում, չէ՞ որ պետության գործառույթն է ենթակառուցվածքներ ապահովելը»:

Նախկին նախարարի կարծիքով՝ Մեղրու միջանցքը թուրք-ադրբեջանական տանդեմի համար ռազմաստրատեգիական նշանակություն ունի. «Հնարավոր է Թուրքիան և Ադրբեջանը միջոցներ ձեռնարկեն Հայաստանի տնտեսական էքսպանսիայի ուղղությամբ, դա շատ իրատեսական է։ Նրանք և՛ արտահանումն են սուբսիդավորում, և՛ գյուղատնտեսությունը։ Բայց մինչև առևտրի շուրջ բանակցելը Ադրբեջանի հետ պետք է որևէ դիվանագիտական հարաբերություն և խաղաղության համաձայնագիր լինի։ Սակայն մենք անգամ մեր երկրի, Արցախի սահմանները չգիտենք, ինչո՞ւ ենք մեր դիրքերից հետ եկել, չէ՞ որ պիտի կանգնեինք զբաղեցրած դիրքերում»:

Նախկին նախարարի պնդմամբ՝ եթե պետությունը ներսից թուլացած է, անվտանգության որևէ երաշխիք չի կարող գործել: «Հետպատերազմյան վիճակ, անկայունություն, արտահերթ ընտրություններ, նման պայմաններում ի՞նչ ներդրումներ կարող են լինել։ Տնտեսությունն իր կանոններն ունի, մենք անկման պայմաններում գնում ենք ընտրությունների՝ առանց վիճակը կայունացնելու։ Հայաստանի հարավում երեք հանքարդյունաբերական ընկերությունները և Որոտանի ՀԷԿ-ը տարածաշրջանի տնտեսական պոտենցիալի ավելի քան 80 տոկոսն են, հիմա այնտեղ ճանապարհներն ի՞նչ վիճակում են, նրանք կարողանալո՞ւ են արտահանել իրենց արտադրանքը։ 2021-ը կորսված տնտեսական տարի է, անել ընտրություններ հիմա՝ առանց վիճակը կայունացնելու, տնտեսության համար աղետաբեր կլինի, ելքն այս իշխանության հեռացումն է և ժամանակավոր կառավարության ստեղծումը»,-ամփոփել է Կարեն Ճշմարիտյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը