Կարծիք

12.04.2021 15:07


ՏՄՊՊՀ-ն մոլորեցնում է հանրությանը. իշխանություններին սիրաշահելու փոխարեն ձեր գործով զբաղվեք

ՏՄՊՊՀ-ն մոլորեցնում է հանրությանը. իշխանություններին սիրաշահելու փոխարեն ձեր գործով զբաղվեք
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահը հայտարարեց, որ կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացում չկա, և իրենց ուսումնասիրությունների դաշտից դուրս է, քանի որ այստեղ գործում են բազմաթիվ տնտեսվարողներ, և համակենտրոնացման մակարդակը բարձր չէ։
Ուշագրավ է, որ մրցակցության հանձնաժողովը, որը կոչված է պայքարել հանրությանը մոլորեցնողների դեմ, հենց ինքն է փորձում մոլորեցնել։ Մասնավորապես՝
1․ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անարատ կաթի գինը բարձրացել է +1,6%, կաթ պահածոյացված՝ +5,2%, յոգուրտ, մածուն՝ +3,7%, պանիր և կաթնաշոռ՝ +1,5%, այլ կաթնամթերք՝ +4,5%, յուղեր և ճարպեր՝ +24,6%, կարագ՝ +6,9%, մարգարին և բուսական յուղեր՝ +4,9։ Սա այն դեպքում, երբ միջին անվանական աշխատավարձն աճել է ընդամենը +0,8 տոկոս, կամ գրեթե չի աճել։
2․ Կաթնամթերքի շուկայի առանձին ապրանքախմբերում, օրինակ՝ կարագի, թթվասերի և այլն, գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք վերահսկում են ոչ միայն մեծածախ, այլ նաև մանրածախ շուկաները։
Տպավորություն է ստեղծվում, որ Հանձնաժողովի նախագահը չի կարդացել (կամ տեղյակ չէ) 2020 թվականի փետրվարի 1-ին հրապարակված ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը (https://bit.ly/3wNbxHE), ըստ որի՝ կարագի ներմուծման դեպքում 3 կազմակերպություններին բաժին է ընկնում շուկայի 66%-ը, և համարվում են գերիշխող դիրք ունեցող (մենաշնորհ)։ Ընդորում՝ հանրությանը հայտնի օլիգարխին պատկանող «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն թիվ մեկ ներկրողն է, այսինքն՝ կարագի գնի 6,9 տոկոս բարձրացման համար թիվ մեկ բացատրություն տվողն և պատասխանատուն հենց այդ ընկերությունն է։
Հ․Գ․ Մոտ օրերս առավել մանրամասն կանդրադառնանք կաթնամթերքի շուկային և առկա խնդիրներին։ Մինչ այդ, գործող իշխանություններին սիրաշահելու փոխարեն ձեր գործով զբաղվեք։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ
Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը