Քաղաքական

28.04.2021 14:21


Դեպքի վայրի զննությամբ հաստատվել է, որ Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ բռնություն է կիրառվել Երևանի ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակում

Դեպքի վայրի զննությամբ հաստատվել է, որ Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ բռնություն է կիրառվել Երևանի ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակում

Այսօր ոստիկանությունում իմ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առիթով տեղի է ունեցել դեպքի վայրի զննություն, արդյուքնում պարզվել է այն, ինչ ի սկզբանե պնդում էի։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Ես մատնացույց արեցի այն աշխատասենյակը, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Արդյունքում հաստատվել է, որ հենց վարչության օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի աշխատասենյակում էր դեպքը տեղի ունեցել։ Զննության ժամանակ այնպիսի տպավորություն էր, վարչության ամբողջ երրորդ հարկը էվակուացիայի էր ենթարկվել, ոչ աշխատակիցներն էին այնտեղ, ոչ էլ անգամ քարտուղարուհին»։

Մենուա Հովսեփյանը նշեց, որ գոհ է քննիչի կատարած աշխատանքից և հուսով է, որ գործի քննությունը նույն օպերատիվությամբ և օբյեկտիվությամբ շարունակություն է ունենալու։

Հարցին՝ ինչ խոշտանգումների մասին էր խոսքը, Գորիսի փոխքաղաքապետը նշեց․

«Աշխատասենյակում քաշքշել են ինձ, մտածում էին, որ կարող են իրենց կարճ ուղեղով 8 հոգով վախեցնեն սյունեցուն, սակայն հակառակ ռեակցիան են ստացել ու միանշանակ դրան պատասխան է տրվելու»։

Մենուա Հովսեփյանը հաստատեց, որ խոշտանգումների ընթացքը նկարահանվել է։

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել է ապրիլի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ նա ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքը նկարահանվել է աշխատակիցների կողմից։ Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Քրեական գործով Մենուա Հովսեփյանը ճանաչվել է տուժող։

Այս խորագրի վերջին նյութերը