Հարցազրույց

10.06.2011 15:21


Սամվել Ավալյան.

Սամվել Ավալյան.

Հարզազրույց «Նաիրիտ» գործարանի հերթափոխի բրիգադավար Սամվել Ավալյանի հետ

–Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին նախագահական նստավայրի մոտ բողոքի գործողություն են իրականացնում։ Ձեր հիմնական պահանջը ո՞րն է երկրի ղեկավարությունից։

–Մենք պահանջում ենք, որ գործարանն անպայման աշխատի, որ չփակեն, չլուծարեն, տեղն ուրիշ բան չսարքեն, ոնց որ շատ ուրիշ գործարանների դեպքում արեցին։

–Դուք կասկածներ ունե՞ք, որ գործարանն ուզում են փակել և դրա փոխարեն այլ բան կառուցել։

–Բա եթե գործարանը մեկ տարուց ավելի է՝ չի աշխատում, արտադրանք չի տալիս, ամեն ինչ դրան չի՞ տանում։ Գործարանի գազը փակել են, լույսն՝ անջատել, ջուր չկա, պարզ է, որ գործարանը չպետք է աշխատի։

–Հիմա «Նաիրիտում» գազ, լույս, ջուր չկա՞։

–Կա, բայց շատ քիչ քանակությամբ, որը գործարանն աշխատացնելու համար բավարար չի։ Այնքան հոսանք, որ պետք է տան արտադրամասերը թողարկելու համար, չի հերիքի։

–Անձամբ Սերժ Սարգսյանից ի՞նչ եք պահանջում։

–Պահանջում ենք, որ գործարանն աշխատացնի, չթողնի, որ փակեն, միաժամանակ մեր աշխատավարձերի հարցն էլ լուծի։ Եթե այսօր Գինեսի ռեկորդների մեջ ինչ–որ բաներ են անում, որ գրանցվեն, գործարանի մեր այս ամբողջ կոլեկտիվին հերթով կարող են Գինեսի ռեկորդների գրքի մեջ գրել։ Ես դեկտեմբերից մինչև այսօր ստացել եմ ընդամենը 44 հազ դրամ։ Ու 44 հազ դրամով ես պահում եմ 6 շնչից կազմված ընտանիք ու ոտքի վրա կանգնած եմ։ Եթե չեմ ընկել, ուրեմն ինձ Գինեսի ռեկորդների գրքի մեջ պետք է անպայման գրանցեն։ Որովհետև այդպիսի բան ոչ մեկը չի կարող անել, բացի հայից։ Մեր էությունն է դա։ Թանկացումների մասին էլ չեմ խոսում։

–Նախորդ տարի նաիրիտցիները կրկին նախագահականի մոտ էին և նաև բողոքում էին, որ գործարանի աշխատակազմում հիմնականում ղեկավարության ծանոթներն են աշխատում ու չափազանց բարձր աշխատավարձ ստանում։ Հիմա այդ խնդիրը շարունակո՞ւմ է արդիական մնալ։

–Այդ խնդիրն էլի կա։ Ես չեմ կարող ասել, թե ինչ կարգի ծանոթներ են՝ հորեղբոր տղա են, թե ովքեր են, չգիտեմ։ Բայց գիտեմ, որ աշխատավարձերի տարբերությունն ահավոր է։ Դրսում, թույնի մեջ աշխատողը կամ արտադրանք տվողը ստանում է 70–ից 90 հազ դրամ, իսկ որոշ մարդիկ, որոնք այդ արտադրանքի կամ այդ թույնի մեջ չեն աշխատում, մաքուր սենյակներում նստած են, ստանում են 500–800 հազ դրամ։ Նման կարգի տարբերություններ են, որն անընդունելի է. ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու ուղեղի մեջ։

–Նաև տարածված խոսակցություններ կան, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է «Նաիրիտի» սեփականատերը։

Մենք նման բաները չենք կարող ասել։ Լսելը մի բան է, ասելը՝ ուրիշ բան։ Եթե փաստ չունենք, ուրեմն իրավունք էլ չունենք նման բան ասել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը