Լրահոս

11.06.2011 13:24


Շիրակում բազմաթիվ անօթևաններ չեն շտապում մասնակցել բնակբաշխման գործընթացին

Շիրակի մարզում  երկրաշարժից անօթևան ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում  ներկայումս փոխհատուցվում են միայն բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած, փլված շենքերի կամ ժամանակավոր կացարանների գրանցում ունեցող քաղաքացիները: Իսկ  երկրաշարժին սեփական տուն կորցրած կամ սեփական տան գրանցում ունեցող և դրամական փոխհատուցման ենթակետում հաշվառված ընտանիքներին բնակարանային շինարարության ընթացիկ ծրագրով նախատեսված չէ բնակարաններ հատկացնել:

Գյումրիում և Ախուրյան համայնքում ներկայումս բնակբաշխման հանձնաժողովի կողմից իրականացվում են հերթացուցակներում հաշվառված անօթևան ընտանիքների փաստաթղթերի ընդունման և ուսումնասիրման աշխատանքները: Թեև մարզային հեռուստաընկերություններով երեք ամիս շարունակ հայտարարություններ են հեռարձակվում, ինչպես նաև նամակագրության  տեսքով ծանուցագրեր են ուղարկվել Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված շուրջ 3000 և Ախուրյանում` 182 ընտանիքների հասցեներով, սակայն մինչև օրս Գյումրիում անհրաժեշտ փաստաթղթեր չեն ներկայացրել շուրջ 1200, իսկ Ախուրյանում  50 ընտանիքներ:

Հարցն այն է, որ ՀՀ կառավարության` աղետի գոտու բնակարանային շինարարությունը և բնակբաշխման գործընթացը կանոնակարգող որոշումներում բնակարաններ հատկացնելու նպատակով շահառուներից փաստաթղթերի ընդունման կոնկրետ վերջնաժամկետ նշված չէ:

ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից նախքան շենքերի շահագործումը բոլոր անօթևան ընտանիքների փաստաթղթերի ընդունումը, ուսումնասիրումն ու նրանց շահառու ճանաչելը  հետապնդում է մի նպատակ` որպեսզի  բնակարանների քանակն ու սենյակների թիվը կառուցվի ըստ պահանջարկի: Նման գործելակերպը թույլ կտա խուսափել Սպիտակում տեղի ունեցածից, երբ նախորդ տարի շահառուների թվից մոտ 40 բնակարան ավել կառուցվեց:

Այդ պատճառով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար  պետական  ծրագրերով  կառուցվող բնակելի տների (բնակարանների) հատկացման  հանձնաժողովը երկու օր առաջ կայացած իր նիստում ընդունված որոշման համաձայն մեզ` «Շիրակ կենտրոն» ՀԿ-ին հրապարակելու նպատակով տրամադրել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում կարող են դիտարկվել սահմանված կարգով հաշվառված և Ախուրյան համայնքում մինչև 2011 թվականի հունիսի 25-ը, իսկ Գյումրիում մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը անհրաժեշտ փաստաթղթերով համալրված ամբողջական փաստաթղթային փաթեթներ ունեցող ընտանիքները:

Նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացրած ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կփոխադրվի ավելի ուշ ժամկետների: Փաստաթղթային փաթեթների համալրման համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ Գյումրու բնակիչները տեղեկատվություն կարող են ստանալ ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, իսկ Ախուրյանի բնակիչները` Ախուրյանի գյուղապետարանից»:

Ավելացնենք նաև, որ հարյուրավոր անօթևան ընտանիքների կողմից բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու հանգամանքը չի կարող զարմանք չառաջացնել: Եթե նախորդ տարի դրա հիմնական պատճառն այն էր, որ հարյուրավոր անօթևան ընտանիքներ չէին կարող  փաստաթղթերը համալրել ընտանիքներում բացակա անդամներ ունենալու կամ ընտանիքների բազմանդամության պատճառով, ապա ընթացիկ տարում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելուց հետո նման պատճառաբանություններն այլևս հիմք չունեն: Կատարված փոփոխություններով հնարավորություն է տրվել բացակա անդամների մասին համապատասխան հայտարարություն ներկայացնելով եւ որոշակի պարտավորություն ստանձնելով ստանալ բնակարան, իսկ բազմանդամ ընտանիքներն էլ այլեւս կարող են բնակարաններ ստանալ և դրանք սեփականաշնորհել առանց տնակներից մեկը հանձնելու:

Այնուամենայնիվ, մեր դիտարկումներով` անօթևան ընտանիքների կողմից բնակարաններ ստանալու համար ներկայումս անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելն ունի հիմնականում 3 պատճառ: Առաջին պատճառն այն է, որ նրանցից շատերը ամբողջ ընտանիքով բացակայում են Հայաստանից, երկրորդը` ընտանիքներում կա անհամաձայնություն ստանալիք բնակարանի պատկանելիության վերաբերյալ, երրորդը` տվյալ շահառուները տարբեր ճանապարհներով և հիմնականում օրենքը շրջանցելով ընդգրկվել են անօթևանների հերթացուցակում, ուստի ներկայումս, երբ բնակբաշխումն ընթանում է օրենքի սահմաններում, խուսափում են մերժվելու հեռանկարից, հավանաբար սպասելով «հարմար ժամանակների»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը