Հարցազրույց

29.06.2021 08:52


Պետությունը՝ ի դեմս ՊՆ-ի և ԱԱԾ-ի, սահմանապահ համայնքների բնակիչներին պետք է ոչ թե թշնամու դեմ միայնակ թողնի, այլ հակառակը՝ զինի և զորակոչի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Պետությունը՝ ի դեմս ՊՆ-ի և ԱԱԾ-ի, սահմանապահ համայնքների բնակիչներին պետք է ոչ թե թշնամու դեմ միայնակ թողնի, այլ հակառակը՝ զինի և զորակոչի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Սահմանային ինժեներական աշխատանքների համար կարճ ժամանակ է անհրաժեշտ, որոշումները պետք է ընդունվեն ժամերի ընթացքում, դիրքերի՝ նվազագույն պայմաններով կահավորումը պետք է տեղի ունենա մի քանի օրում. պետությունը պետք է խնդրավորեր ՊՆ-ին և ԱԱԾ սահմանապահ զորքերին, հրամկազմն էլ պետք է որոշում ընդուներ, և եթե մեկ ջոկի դիրքի կառուցումը մեկ օրվա խնդիր է, համայնքների բնակիչների աջակցությամբ դա հանգիստ կարելի է իրագործել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:

«Մեր սահմանապահ համայնքների բնակիչները մեն-մենակ են մնում ադրբեջանցիների դեմ, և ՊՆ-ն ու ԱԱԾ-ն ոչ միայն նրանց միայնակ չպետք է թողնեն, հակառակը՝ այդ համայնքների բնակիչներին պետք է զինեն, զորակոչեն և ներգրավեն սահմանապահ աշխատանքներում: Բնակիչների ստվար մասը մեծ ուրախությամբ կզբաղվի դրանով, շատերը նույնիսկ առանց վերադասի էլ այսօր պաշտպանում են իրենց համայնքները»,-ասել է գեներալ-գնդապետը:

Ըստ Օհանյանի՝ բացի Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պահպանությունից՝ ռուսները երբեք չեն մասնակցել ՀՀ սահմանագծի պաշտպանությանը. «ԶՈՒ կառուցվածքը պետք է համապատասխանեցնել նոր խնդիրներին, այդ խնդիրներն ավելացել են, և ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է համալրում իրականացնի, դրա համար կա զորահավաքային պատրաստականության պլան: Այդ համալրումն ուղարկվում է ոչ թե մարտադաշտ, այլ մեր սահմանների պաշտպանությանը»:

Արցախի հերոսի կարծիքով՝ ՊՆ-ում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը պարտավոր է բացահայտումներ անել, թեև այն պետք է կազմավորվեր պատերազմի ավարտից անմիջապես հետո. «Քառօրյայից հետո ՊՆ-ում ստեղծված հանձնաժողովը չխնայեց ինքն իրեն, այս հանձնաժողովը ևս պետք է գնահատի ԶՈՒ բոլոր թերությունները: ԶՈՒ գործունեությունը պետական համակարգի աշխատանքի հետ համադրելու կամ գնահատելու համար պետք է խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծել, որում պիտի ներգրավված լինեն ընդդիմությունը, հասարակությունը, փորձագետները»:

Սեյրան Օհանյանի պնդմամբ՝ պետական կառավարման համակարգը պետք է նպատակաուղղվի անվտանգության, տնտեսության, բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդմանը: «Պատերազմի պատասխանատուներին վերհանելը ծավալուն աշխատանք է պահանջում: Դա պետք է քննարկվի գաղտնիության պայմաններում: Պետական և ռազմական կառավարման հարցերում եղել են լրջագույն թերություններ: Իրավապահ համակարգը պետք է գնահատականներ տա, հարուցված քրեական գործերում պետք է վեր հանվեն, օրինակ, դավաճանության դրվագները»,-ամփոփել է Սեյրան Օհանյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը