Լրահոս

17.06.2011 12:20


ՄԻԵԴ-ը խամաճի՞կ ՀՀ իշխանությունների ձեռքում

Մի քանի օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)-ը բավարարեց  պետության կողմից գերակա հանրային շահ ճանաչված Բուզանդի փողոցի 9 տան նախկին բնակիչներ՝ Նելլի Մինասյանի և Ելենա Սեմերջյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Առաջին հայացքից ուրախալի մի լուր, որի արդյունքում պետք է որ վերջանային բնակիչների տարիներ շարունակ ձգվող տանջանքներն ու պայքարը։ Սակայն Եվրոպական դատարանի կայացրած վճիռը մեղմ ասած ոչինչով չի տարբերվում Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ գործերով կայացրած վճիռներից՝ սահմանելով փոխհատուցման չնչին մի գումար։

Ի՞նչ է սա նշանակում։ Ենթադրենք, Եվրոդատարանը արդարացի վճիռ է կայացրել՝ հիմնավորել հանգամանքով, որ բնակարանը քանդված լինելու պատճառով հնարավոր չէր այն հստակ գնահատել և սահմանել է 8000 եվրոյի փոխհատուցում։

Կգտնվի արդյո՞ք Հայաստանում որևէ մեկը, որ նշված գումարով կարողանա ձեռք բերել 26 քմ տարածք քաղաքի որևէ մասում, առավել ևս կենտրոնում։ Եթե, այնուամենայնիվ այդպիսի մարդ գտնվի ուրեմն Եվրոդատարանի վճիռն անքննելի է։ Սակայն իրականում դա անհնար է և արդարանում է Գևորգ Կոստանյանի այն պնդումը, որ ՄԻԵԴ դիմած հայաստանցիները սովորաբար աստղաբաշխական փոխհատուցում են ուզում և ՀՀ-ն որոշ գործերով խնդրել է  անձամբ ներկայացնել հաշտության ողջամիտ առաջարկ՝ առանց հաշվի առնելու դիմողի կարծիքը (http://hetq.am/arm/news/1636/

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ նույնիսկ Եվրոպական դատարանն է խամաճիկ  դարձել Հայաստանյան իշխանությունների ձեռքում և հետնքրքիր է. ի՞նչն է ՄԻԵԴ-ին ստիպում նման անհեթեթ վճիռներ կայացնել։

Փաստորեն, Եվրոպական դատարանին չի մտահոգում ,գերակա հանրային շահե ձևակերպմամբ հազարավոր քաղաքացիներին ունեզրկելու իրական հանգամանքները, այն բարբարոսություններն ու թշնամանքը, որ գործի դրվեց մարդկանց վտարելու սեփական տներից։ Երբ գիշերվա կեսին առանց զգուշացնելու, հատուկ ծառայությունների մասնակցությամբ իշխանությունները բռնի տեղահանման գործողություններ են կատարում, ապա դա չի կարող լինել գերակա հանրային շահ, դա ընդամենը կազմակերպված հանցագործություն է։ Եվ  հանկարծ Եվրոդատարանը վճիռ է կայացնում հօգուտ սեփականաիրոջ, բայց ցավոք գույքը չկա, որ գնահատեն և փոխհատուցումն արդարացի լինի։ Իսկ, եթե գույքը լիներ, ո՞վ պետք է իրականացներ գնահատումը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ում չկա լիցենզավորված որևէ գնահատող կազմակերպություն, որը հանձն կառնի գերակա հանրային շահ ճանաչված տարածքում գնահատել անշարժ գույքն իրական շուկայական արժեքով  և լավագույն դեպքում չի զրկվի լիցենզիայից։ Նշված տարածքների գնահատումը իրականացնում են իշխանություներին կից մեկ-երկու գնահատող կազմակերպություններ, որոնց ընդամենը պատվեր են կատարում։

Գերակա հանրային շահից տուժված հազարավոր քաղաքացիներ, տարիներ շարունակ զրկված են իրենց տներից, գույքից, ապրուստի միջոցներից։ Ոմանք սակայն չհաշտվելով անարդարությունների հետ այնուամենայնիվ չեն հիասթափվում և լքում հայրենիքը, այլ պայքարում են՝ կշեռքին դնելով ամեն ինչ։ Եվ  այդքան երկար սպասված ,արդարությունըե  գալիս է վերջ դնելու ՀՀ քաղաքացիների բոլոր հույսերին։

Այն ժամանակ, երբ ՀՀ դատարաններում բավարարում են որոշ քաղաքացիների  հայցերն ընդդեմ իրենց բարի համբավն ու արժանապատվությունը ,արատավորողե հրապարակումների և կայացնում տասնյակ հազարավոր դոլարների վճիռներ միայն դատական ծախսերը փակելու և նույնքան էլ բարոյական վնասի փոխհատուցման համար, սա արդեն աստղաբաշխական չէ։ Հայաստանում, ոմանց կասկածելի արժանապետվությունն ավելի արժե, քան հազարավոր քաղաքացիների հայրենիքում ապրելու և տուն ունենալու իրավունքը։ Ամենապարզ հաշվարկով էլ  ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցումը բավական չէր լինի նույնիսկ պայքարի համար կատարված ծախսերն հոգալու համար։

Իշխանություններն թերևս սա հաղթանակ են համարում, անհավատ և հուսալքված ժողովուրդ կամ էլ Հայաստանն առանց հայերի։

Ի՞նչ շահ ունի ՄԻԵԴ-ը Հայաստանում տարիներ շարունակ ընթացող բարբարոսություններից, ինչու՞ է իր վճիռներով ոգևորում և բազմապատկում իրականացվող թալանը։

Միթե մարդու իրավունքները հարգող և օրենքի առաջ հավասարությունն ամեն ինչից վեր դասող Եվրոպային Հայաստանը հանկարծ այլասերեց։

Նելլի Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը