Հարցազրույց

20.07.2021 10:02


«ՍԴ դատավորները ջուր լցրեցին այն ջրաղացին, որը տանելու է պետականության կործանմանը». Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)

«ՍԴ դատավորները ջուր լցրեցին այն ջրաղացին, որը տանելու է պետականության կործանմանը». Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի համար ՍԴ դիրքորոշումը կամ որոշման արդյունքն ակներև էր արդեն դատական նիստի երրորդ օրը, երբ ըստ նրա՝ ակնհայտ կրավորական վարքագիծ էին դրսևորում ՍԴ մի խումբ անդամներ:

«Մենք ունեցել ենք մի դատավոր, որն ամբողջ նիստերի ընթացքում մի հարց որևէ կողմին չի տվել, էլ չեմ ասում, որ միջնորդություններից մեկի քննարկման ժամանակ քնել էր: Անունը չտամ, կարծում եմ՝ ուղիղ եթերով այդ ամենը երևում էր: ՍԴ միջնորդություն էր ներկայացվել, օրինակ՝ դատախազությունից և ոստիկանությունից կոնկրետ փաստեր պահանջելու մասով, որոնք կապացուցեին դիմումում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ մի շարք փաստեր: ՍԴ-ն ստանալով միջնորդությունը առաջին նիստի օրը, դրանց քննարկումը հետաձգել էր մինչև վերջին օրը, և վերջին օրը, բնականաբար, այդ միջնորդությունները մերժել էր: Ակնհայտ էր, որ ՍԴ վարքագիծը տանելու էր նրան, որ ընտրության արդյունքները չէին չեղարկվելու: Նաև այն հանգամանքը, որ միտումնավորության չափ անփույթ էր կազմակերպված ՍԴ-ում առհասարակ գործի դատաքննությունը, որովհետև մենք տեսանք ընդամենը 2 դատավոր, որոնք իրապես փորձում էին իրենց հարցերով պարզել գործի հանգամանքները»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ պարզ էր, որ ՍԴ-ն դակելու է մի փաստաթուղթ, որն ընդամենը Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների հովանավորյալ փաստաթուղթ էր դառնալու:

«Կամ, եթե այլ կերպ ասեմ, մեխ էր դառնալու Նիկոլ Փաշինյանի մուրճի համար: Բայց ցավոք, այդ մեխը կարող է շատ ցավոտ ազդեցություն ունենալ նույն ՍԴ դատավորների համար, որովհետև ՍԴ-ն այս որոշումը չէր, որ այսչափ բարդությամբ կայացրեց՝ առջևում ՍԴ-ն և դատավորներն առանձին ունենալու են մարդկային և մասնագիտական առումով շատ բարդ որոշումներ կայացնելու հնարավորություն, և սեփական խղճի մտոք կամ դատավորի կոչմանը հավատարիմ մնալու այդ շրջանակում կկարողանա՞ն արդյոք այնպիսի որոշում կայացնել, որով հողին է հավասարեցվելու, առհասարակ, այն պետականությունը, որի երաշխավորը իրենք՝ որպես բարձր դատարանի դատավորներ, հանդիսանում են: Բայց փաստը, որ սրանով ջուր լցրեցին այն ջրաղացին, որը տանելու է պետականության կործանմանը, ակնհայտ է»,-ընդգծեց նա:

Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ուզուրպացրել է բոլոր իշխանական թևերը՝ դատական, օրենսդիր և գործադիր:

Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իրականացվող գործողություններին՝ նա նշեց, որ դրանք բացառապես քաղաքական գործընթացներ են, իսկ իշխանությունների նպատակը, ըստ նրա, մեկն է՝ զերծ պահել Սյունիքի որոշ հատվածների հանձնման գործընթացում դիմադրություն ցույց տալու գործողությունից.

«Սա շատ պարզ նպատակ է, որը հետապնդում է այս իշխանությունը: 44-օրյա պատերազմի ընթացքում այս իշխանությունները Սյունիքի պաշտպանության գործում ապավինում էին բացառապես Սյունիքի համայնքապետերին և նրանց ջոկատներին, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իր հատվածում իրականացնում էր ինքնապաշտպանություն: Ե՞րբ խզվեց Սյունիքի համայնքապետերի և իշխանությունների կապը. Երբ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հրահանգեց Սյունիքի համայնքապետերին զիջել իրենց դիրքերը և իջնել ցած, որից հետո, բնականաբար, համայնքապետերը ցույց տվեցին դիմադրություն, որովհետև, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ այդ մարդիկ հողից կպած և սեփական հայրենիքը պաշտպանող անձինք էին»:

Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված գործողություններին, Հայրապետյանը հետևյալն ասաց. «Առնվազն պետք է ունենալ տխմար մտածելակերպ՝ լինելով երկրի ղեկավար, երբ դու ունես օտարերկրյա ներդրումով խոշոր ընկերություն քո երկրում, և դու կիրառես այնպիսի ռեպրեսիաներ, որոնք չկիրառելու պարտավորություն ես ստանձնել՝ այդ երկրների հետ կնքած երկկողմ համաձայնագրերով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը