Լրահոս

20.06.2011 17:17


Ս. Սուրենյանց. «Նախագահի պատասանը շատ հստակ է»

Ս. Սուրենյանց. «Նախագահի պատասանը շատ հստակ է»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Հայ ազգային կոնգրեսին միանգամայն պարզ ու հասկանալի է։

–Պատասխանից հասկացել եմ, որ ՀՀ նախագահը սկզբունքորեն չի մերժում երկխոսության գաղափարը, բայց երկխոսության չի նստի այն ձևաչափի շուրջ և այն օրակարգով, որն առաջարկում է ՀԱԿ–ը։ Նա հստակ ասում է, որ երկխոսության պատրաստ է, նույնիսկ նշում է այն ձևաչափերը, որոնցով կարող է տեղի ունենալ երկխոսությունը (ԱԺ նախագահ, վարչապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար), բայց ասում է, որ իշխանությունը վերջնագրային ձևով երկխոսության պատրաստ չէ նստել,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Սուրեն Սուրենյանցը։

Ինչ վերաբերում է ՀԱԿ–ի արձագանքին, որ Սերժ Սարգսյանի պատասխանում որոշակի անհստակություններ և առանձին ձևակերպումների բազմիմաստություններ կային, և Կոնգրեսը նպատակահարմար է գտնում դրանց գնահատականը տալ իր կառույցներում քննարկելուց հետո, քաղաքագետն ասել է, որ հավանաբար ՀԱԿ–ն իր քայլերը հստակեցնելու անհրաժեշտություն ունի, որի համար էլ վերցրեց այդ «թայմ աութը»։

–Այնուամենայնիվ, նախագահի այդ հայտարարությունը նոր իրավիճակ է։ Եվ այն ՀԱԿ–ի կողմից արձագանքվելու անհրաժեշտություն ունի։ 2 տարբերակ կա՝ կա՛մ ՀԱԿ–ը պետք է պնդի իր նախապայմանը, որ երկխոսության կգնա արտահերթ ընտրության պահանջով, կա՛մ պետք է ընդունի այն իրողությունը, որ երկխոսությունը տեղի է ունենալու առանց նախապայմանների,–նշել է Ս. Սուրենյանցը՝ ավելացնելով, որ անձամբ ինքը կողմնակից է ՀԱԿ–ի 3 պահանջների կատարումից հետո առանց նախապայմանների երկխոսության.

–Երկխոսության օրակարգում ցանկացած հարց կարող է քննարկվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը