Լրահոս

20.06.2011 17:48


Լ. Մելիք–Շահնազարյանի կարծիքով Կազանում հնարավոր է՝ ոչնչի մասին չխոսող հռչակագիր ստորագրվի

Լ. Մելիք–Շահնազարյանի կարծիքով Կազանում հնարավոր է՝ ոչնչի մասին չխոսող հռչակագիր ստորագրվի

Կազանում հունիսի 24–ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման նախօրեին «7օր»–ը քաղաքագետ Լևոն Մելիք–Շահնազարյանից փորձեց ճշտել, թե նա ինչ ակնկալիքներ ունի այդ հանդիպումից, արդյոք այն կլինի հերթական հանդիպո՞ւմ, թե՞ ինչ–որ փաստաթուղթ կստորագրվի։

Լ. Մելիք–Շահնազարյանի կարծիքով կայանալիք հանդիպումը հերթականից կտարբերվի ու կլինի ավելի գործնական, քան ուղղակի թեյ կամ սուրճ խմելը։

–Սակայն այն բեկումնային չի լինելու ու լուրջ փոփոխություններ չեմ սպասում,–նշել է քաղաքագետը։

Նրա խոսքերով՝ երկու կողմերի միջև դեռ կան հակասություններ, որոնք լուծված չեն. «Խոսքն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների, Արցախի կարգավիճակի մասին է»։

–Այդ չլուծված խնդիրներն էլ կողմերին թույլ չեն տա, որ ինչ–որ լուրջ փաստաթուղթ ստորագրվի, որտեղ կնշվի փուլային կամ փաթեթային, բայց, այնուամենայնիվ, հարցի լուծման ճանապարհը,–պարզաբանել է Լ. Մելիք–Շահնազարյանն ու հավելել,–կարելի սպասել, որ կլինի հռչակագրի նման մի բան, որն, ըստ երևույթին, կստորագրվի, որտեղ կողմերը կպարտավորվեն ուժ չկիրառելու, հակամարտության կարգավորման հարցը սեղանի շուրջ միջազգային օրենքի շրջանակներում լուծելու և այլնի վերաբերյալ։ Ոչնչի մասին չխոսող հռչակագիր, որը կհետապնդի բարի նպատակներ ու ցանկություններ։

Նրա համոզմամբ՝ ինչ–որ նմանատիպ բան պետք է ստորագրվի, որովհետև այն ավելի շատ պետք է հրավիրող կողմին, և հրավիրող կողմը դրան կհասնի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը