Լրահոս

18.04.2009 10:09


Գյումրիում հասարակական տրանսպորտի թանկացման շուրջ

Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացման վերաբերյալ Գյումրիում կարծիքները գրեթե նույնն են` ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է՛լ ավելի կվատթարանա:

Շիրակի մարզպետարանի սոցապահավության բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանը, ումից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ սակագների թանկացման վերաբերյալ, սկզբում նշեց, որ տեղյակ չէ խնդրին և 15 րոպե ժամանակ պահանջեց՝ մարզպետարանի լրատվության բաժնից ճշտելու համար: Այնուհետև մեզ խորհուրդ տվեց ճշտել, թե արդյոք որքանո՞վ է օրինական սակագների բարձրացումը և խոստացավ երկուշաբթի օրն առավել մանրամասն խոսել խնդրի մասին, միաժամանակ նշելով, որ իհարկե յուրաքանչյուր թանկացում լավ չի անդրադառնում քաղաքացիների վրա:

Տնտեսագետ Արթուր Առաքելյանը համոզված է, որ հարվածի տակ են հայտնվում նպաստառուները, թոշակառուները և գործազուրկները:

-Մարդիկ կան, ովքեր ժամերով ավտոբուսի են սպասում, քանի որ 100 դրամ չունեն երթուղային տաքսիներին տալու համար, հիմա դրանց վիճակը պատկերացրեք,- ասում է տնտեսագետը:

-Բավականին տուժելու է նաև ուսանողությունը, ովքեր վերջին շրջանում «կրեդիտով» են երթևեկում և միայն ամսվա վերջում են ամբողջ գումարը վճարում վարորդներին, դե հիմա հաշվեք, թե ինչքա՞ն է տուժելու նրանց ամսեկան բյուջեն,- նշում է Ա. Առաքելայնը:

ԱԺ պատգամավոր Ռոբերտ Զաքարյանը (ԲՀԿ) հետևյալ կերպ մեկնաբանեց իրավիճակը.

-Բոլոր ծառայություններն ու ապրանքներն են թանկացել 20-30 տոկոսով: 320 գրամանոց հացը 140 դրամից էժան չես կարող գնել: Ամեն ինչ, եթե նման տեպերով գնա, վատ է լինելու: Հիմա էլ՝ տրանսպորտը։ Իհարկե, բնակչության համար ծանր է լինելու: Հայստանը աշխարհի ամենաթանկ երկիրն է, իսկ Գյումրին՝ Հայստանի ամենաթանկ քաղաքը: 99 տոկոս ապրանքները ներկրվում են, միայն գաջն է տեղում արտադրվում, էն էլ 4 անգամ է թանկացել։ Հիմա ասեք էստեղ ի՞նչ տրամաբանություն կա:  Ես նման իարվիճակից որևէ ելք չեմ տեսնում, չգիտեմ ինչ է լինելու, բայց լավ բան չեմ սպասում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը