Հարցազրույց

31.08.2021 10:10


Կա պայմանավորվածություն, դարակում դրված փաստաթուղթ՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

Կա պայմանավորվածություն, դարակում դրված փաստաթուղթ՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը ոչ թե հանգուցալուծվել է, այլ՝ թևակոխել շատ ավելի վտանգավոր փուլ, երբ վերարտադրված իշխանությունը, օրենքներն ու Սահմանադրությունը ոտնահարելով, լուծում է ընդամենը սեփական իշխանության երկարաձգման հարցը՝ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության պետական շահերի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Իմ համոզմամբ՝ կա ծրագիր, որը համաձայնեցված կյանքի է կոչվում այս իշխանության ակտիվ մասնակցությամբ՝ խաղաղության քողի ներքո։ Այդ կեղծ խաղաղության քարոզը, որը հիմա իշխանությունը տանում է, ընդամենը քողարկում է այն պայմանավորվածությունները, որոնք կյանքի են կոչում։ Ակնհայտ է, որ հայկական կողմը դարձել է վտանգավորության աստիճանի հանդուրժող թշնամական գործողությունների նկատմամբ։ Թշնամին երբ ուզում՝ ճանապարհ է փակում ու բացում, իսկ դա գալիս է նրանից, որ իշխանությունը չի ցանկանում տալ համարժեք պատասխան, և արդյունքում ստացվում է, որ մենք հանդուրժում ենք անհանդուրժելին։ Մենք, որպես պետություն, շարունակում ենք զիջել մեր ազգային շահերը մեր թշնամուն»,-ասաց Ավետիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ մեր ազգային շահերը թշնամուն զիջելու մասին են վկայում գործադիրի ղեկավարի հնչեցրած հայկական համայնքների ադրբեջաներեն անվանումները, այն համայնքների, որոնք այսօր ադրբեջանական զորքերի շրջապատման տակ են: Դա շատ նման է «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է» ձևակերպմանը։

«Այսպիսով իշխանությունը գնում է դեպի հաջորդ կապիտուլյացիային։ Հայկական շահերի զիջումը կատարվում է հետևյալ բանաձևի ներքո՝ պահել իշխանությունն ամեն գնով։ Կա դարակում փաստաթուղթ։ Իհա՛րկե, իշխանությունը տարբեր հարցերով մերժում է դարակում դրված փաստաթղթի առկայությունը, բայց չէ՞ որ նախկինում էլ ասում էր, թե Արցախի հարցով որոշումը կայացնելու են հրապարակում ժողովրդի հետ քննարկումից հետ, բայց արեց հակառակ բանը, հետևապես՝ ինչպե՞ս հավատալ, երբ ասում են, որ դարակում փաստաթուղթ չկա։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի օրակարգն են առաջ մղում։ Այդ խաղաղության օրակարգ ասվածը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հավասարը հավասարի պես կնստենք սեղանի շուրջ, բայց հիմա դա չկա, իսկ այս պայմաններում դրան գնալը նշանակում է հետևյալը՝ տանք մեր ազգային և պետական շահը՝ հանուն մեր կյանքի իրավունքի իրացման։ Համոզված ասում եմ՝ կան պայմանավորվածություններ, որոնք ինտենսիվորեն կյանքի են կոչվում ոչ միայն Հայաստանի տարածքների, այլ նաև մեր ազգային շահերի հաշվին»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ հայկական շահի դեմ պլանավորված քայլերի մասին է վկայում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայից ստացված դրական ազդակների մասին ասվածին ի պատասխան դրական ազդակներով պատասխանելուն միտված հայտարարությունը։

Նշենք, որ Էրդողանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշել է. «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»:

Ըստ Թադևոսյանի՝ Էրդողանի մատնանշած տարածքային ամբողջականությունն է, որ հայկական շահի դեմ է, որովհետև երբ Էրդողանը խոսում է պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման մասին, նկատի ունի Արցախը՝ Ադրբեջանի կազմում։

«Հիմա դա՞ է դրական ազդակը։ Ամեն գնով առաջարկում են խաղաղություն, իսկ դա տանելու է մեզ բնաջնջման։ Այո՛, որևէ մեկը չի ասում, որ մենք հարատև պետք է պատերազմենք մեր հակառակորդների հետ, բայց չի՛ կարելի գնալ այդ խաղաղության, երբ չգիտես, թե ինչ է թաքնված դրա հետևում։

Տարածքային ամբողջականության ճանաչման մասին խոսելով՝ Թուրքիան առաջ է տանում Ադրբեջանի շահը, այստեղ հայկական շահն առկա չէ։ Իհարկե, ասում են, որ դրանից հետո լինելու է տնտեսական աճ, բայց եթե տնտեսական աճը լինելու է նավթադոլարների հաշվին, ապա մենք կարճ ժամանակ անց դառնալու ենք մեր թշնամու տնտեսական համակարգի կցորդը, ինչին արագ տեմպերով գնում է իշխանությունը։ Ընտրություններից հետո այս հարցում իշխանության քայլերի մեջ ինտենսիվություն է նկատվում, և շատ բաներ հիմա բացահայտ են ասում։ Օրինակ՝ նայեք նրանց բերած Կառավարության ծրագրին՝ կարմիր թելով անցնում է մեզ պարտադրված խաղաղության թեզը, որի դեպքում հայն ընդամենը պետք է չարքաշ կյանքով գոյատևի»,-ասաց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում ընդդիմությունը գործի է դնելու խորհրդարանի ընձեռած բոլոր գործիքները՝ իր թիրախում ունենալով մեկ նպատակ՝ իշխանության հեռացումը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այս հարցում խորհրդարանական ընդդիմությունը դիտարկում է նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ ակտիվ համագործակցությունը, որովհետև փողոցի պայքարը պետք է համադրվի խորհրդարանական ընդդիմության աշխատանքի հետ, ինչն էլ ինչ-որ պահի տալու է իր արդյունքը։

Այս խորագրի վերջին նյութերը