Կարծիք

07.09.2021 11:55


Հայաստանը՝ անորոշության և մեծ փոփոխությունների նախաշեմին․ մաս 1․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանը՝ անորոշության և մեծ փոփոխությունների նախաշեմին․ մաս 1․ Վահե Հովհաննիսյան

Հետընտրական օգոստոսը քաղաքական ուժերի համար «արձակուրդային սիրավեպի» պես մի բան էր՝ կարճաժամկետ իմպուլսիվ գործունեություն. գոռացինք, ելույթ ունեցանք, իրար վիրավորեցինք, «ընտանեկան բռնության» դրվագներ և այլն։

Հիմա սկսվում է երկարատև փուլը, որը, ի տարբերություն նախորդի, ուղղակիորեն պետք է կապ ունենա Հայաստանի հետ։

Հասարակության և ընտրազանգվածների երկիրը

Հայ հասարակությունն այս պահին բաժանված է երեք խոշոր հատվածների.

• 680 հազարը ձայն է տվել Նիկոլին
• 400 հազարը մերժել է Նիկոլին
• 800 հազարը տանն է մնացել (անտարբեր է, մերժել է երկուսին էլ, սպասում է նորության, չի մոտիվացվել. պատճառները տարբեր են)։

Փաշինյանն ընտրություններից հետո պարբերաբար շեշտում է. «ստացել ենք ժողովրդի քվեն՝ տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու համար»։

Տարածաշրջանային խաղաղության նոր փուլ ուզում է ցանկացած բանական մարդ՝ անկախ նրանից, թե ում է քվեարկում։ Բայց 680 հազարի ճնշող մեծամասնությունը դրա համա´ր չի Նիկոլին ձայն տվել։ Մենք բոլորս գիտենք, ու գիտի Նիկոլը, որ այդ 680 հազարը առանձնապես չի պատկերացնում, թե ինչ է տարածաշրջանը, և առավել ևս՝ խաղաղության դարաշրջանը։ Բայց Նիկոլն իր տեսանկյունից ճիշտ է անում՝ իր առաջիկա օրակարգը տեղավորում է իր ընտրազանգվածի իբրև թե պատվերի տակ։ Ավելին, նա օգտագործում է «ժողովրդի մեծամասնության քվե» ձևակերպումը։ Դա իրականությանը չի համապատասխանում, բայց տեխնոլոգիապես ինքը ճիշտ է անում։ Նիկոլը ոչ միայն ՔՊ-ի, ոչ միայն Հայաստանի, այլև՝ մոտ 10 մլն հայության միակ դեմքն է, որը մոտավորապես պատկերացնում է, թե ինչ ասել է «տարածաշրջանային խաղաղության դարաշրջան», այսինքն՝ գիտե, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը, Պուտինն ու Ալիևը, գիտե, թե Պուտինն իրեն ինչ է ասել, ինչին է ինքը համաձայնել և մոտավորապես ինչ ժամկետներում, թե ինչ պրոցես է գնալու։ Նա հարկ չի համարում որևէ մեկի համար բացել փակագծերը։ Հանուն ճշմարտության ընդունենք, որ նման պահանջ էլ առանձնապես չկա։ Նրանից դա ո´չ հասարակությունն է պահանջում, ո´չ սեփական թիմը։ Սա վկայում է ազգային դեֆոլտի մասին, երբ մի ողջ ժողովրդի ու պետության հարյուր տարվա ճակատագիրը լուծում է ՄԵԿ հոգի, այն էլ՝ այս ամենից հետո։

Շատ ավելի բարդ հարց է՝ ընդդիմության համար ձևակերպել իր 400 հազարի պատվերը։ Մենք բոլորս գիտենք այդ պատվերը, բայց 29+7 դաշինքների ձևավորումից հետո գործնականում չի մնացել որևէ չափիչ, որևէ խողովակ, հետադարձ կապի որևէ մեխանիզմ՝ իրենց 400 հազարի հետ։

• Չկա հանրային կոնսոլիդացիոն օրակարգ երկրում, հետևաբար՝ չկա պրոցես հանրության մեջ, և հետևաբար՝ չկա պրոցես փողոցում

Խորհրդարանական ընդդիմությունը գնում է իր համար ամենավտանգավոր ճանապարհով՝ թուլացնում է կապերը սեփական ընտրազանգվածի հետ։

Այս պայմաններում 29+7-ը և նրանցից յուրաքանչյուրը ցանկացած քայլ, ցանկացած գործունեություն կամ անգործություն կարող են հիմնավորել 400 հազարի պատվերով, որովհետև այս պահին չկա մեխանիզմ՝ դա ճշտելու կամ հակափաստարկ բերելու։ Այդպես աղավաղվում է հանրային ու քաղաքական օրակարգը։

Հարցը, թե ինչո´ւ իշխանությունը հանդգնեց կազմակերպել ֆիզիկական հարձակում ընդդիմադիրների վրա, ունի պարզ պատասխան. այն ֆիքսեց, որ այդ պահին դա 29 հոգու ընդդիմությունն էր, և ոչ՝ 270 հազարի։ Չլիներ այդպես, ոչ մի իշխանություն չէր գնա նման քայլի։ Ինչո՞ւ է իշխանությունը «Հայաստան» դաշինքից երեք հոգու այդքան հեշտ պահում բանտում. նույն պատճառով՝ չի տեսնում 29-ի հետևում 270 հազարի գործոնը։

Եվ, վերջապես, կա ամենամեծ ընտրազանգվածը՝ 800 հազարը, որը մնաց տանը։ Անհնարինության չափ դժվար է հասկանալ հասարակության այս ամենամեծ խմբի մոտիվացիաները։ Դա երկարատև ուսումնասիրություն է պահանջում։ Մի բան թվում է իրատեսական՝ ճիշտ աշխատելու, ճիշտ ձևակերպումների ու երկխոսության ճիշտ խողովակներ ձևավորելու դեպքում այս 800 հազարից մի զգալի հատված կարող է ներգրավվել հանրային պրոցեսում։

Ես չեմ ասում, որ նրանք կդառնան 29+7-ի նոր լրացուցիչ հենարանը։ Ավելին, նրանք կարող են երբեք չընդունել 29+7-ը, բայց նրանք 400 հազարի և 680 հազարից անխուսափելիորեն պոկվող շերտերի հետ կարող են ձևավորել նոր մթնոլորտ երկրում, քաղաքական- հասարակական նոր հոսանքներ, հետևաբար՝ նոր իրավիճակ։ Հայաստանն այսօր փակուղի է, որից դուրս գալու ելքը հանրային նոր կոնսոլիդացնող գաղափարներն են և պրոցեսները։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս խորագրի վերջին նյութերը