Լրահոս

27.06.2011 14:02


ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդականը չի բացառել ռազմական գործողությունները ադրբեջանական բանակի կողմից

ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդականը չի բացառել ռազմական գործողությունները ադրբեջանական բանակի կողմից

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների հարցերին պատասխանելիս ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանն ասել է, թե Արցախի ժողովրդի քաղաքական պահանջներին Ադրբեջանը պատասխանել է իսկական պատերազմով, և որպես արդյունք ունենք այն, ինչ այսօր ունենք։

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պատերազմը տեղափոխել է տեղեկատվական դաշտ, և պետք է զգոն լինել։

Հետաքրքրական է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զաքարյանի պատասխանը։ Նա, մասնավորապես ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան, ասել է, թե «չնայած այսօր Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի, սակայն այն պարագայում, երբ այդ երկրի իշխանությունները, երկրի նախագահը պարբերաբար սպառնում են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, նման ռազմատենչ հայտարարություններով «զոմբիացնում են» սեփական բնակչությանը, ռազմական գործողությունները ադրբեջանական բանակի կողմից չեն բացառվում»։

Նա նաև ընդգծել է, թե ինքը համոզված էր, որ Կազանում փաստաթուղթ չէր ստորագրվելու, սակայն որպեսզի գործընթացն արդյունք տա, անհրաժեշտ է Ղարաբաղի մասնակցությունը այդ գործընթացի բոլոր փուլերին` առաջինից մինչև վերջինին:

–Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ զիջելու բան չունի, միայն մի ելք է մնում` միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ինչից հետո բանակցային սեղանի շուրջը պետք է նստեն Ղարաբաղն ու Ադրբեջանը. սա է խնդրի միակ լուծումը,–ընդգծել է ԱԳ նախարարի խորհրդականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը