Լրահոս

27.06.2011 15:19


Գուրգեն Եղիազարյանը կա՛մ տեղյակ չէ ՀԱԿ–ից, կա՛մ հակասություններ ունի

Գուրգեն Եղիազարյանը կա՛մ տեղյակ չէ ՀԱԿ–ից, կա՛մ հակասություններ ունի

Եթե նախագահը ընտրված չէ, լեգիտիմ չէ, մենք տանուլ ենք տալու։ Սերժ Սարգսյանը Ռաֆիկի նախագահն է. ես տեսել եմ, թե ընտրություններին ինչ այլասերվածություններ են կատարվել,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը։

Նա ընդգծել է, որ արտաքին դաշտում ուժեղ լինելու համար պետք է ուժեղ լինել ներսում, լինել ժողովրդավար և ունենալ ընտրված ու լեգիտիմ նախագահ։

«Պարո՛ն Եղիազարյան, եթե Սերժ Սարգսյանն այդքան լեգիտիմ չէ, ապա ինչո՞ւ է այդ ոչ լեգիտիմ նախագահի քաղաքականությունը հայ–թուրքական հարաբերությունների առումով ամբողջությամբ ճիշտ գնահատում Լևոն Տեր–Պետրոսյանը, և ինչո՞ւ եք ընդհանրապես երկխոսում այդ ոչ լեգիտիմ նախագահի հետ» «7օր»–ի հարցին Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է՝ շեշտը դնելով հայ–թուրքական հարաբերությունների վրա.

Հայ–թուրքականի համար ձեզ մի բան ասեմ։ Կարող եմ ուղիղ ասել իմ կարծիքը, իմ կուսակցության կարծիքը։ Հայ–թուրքական արձանագրությունները մի խայտառակ փաստաթուղթ էին։ Երբ ես սկսեցի մտածել, որ եկեք մի հանձնաժողով ստեղծենք, պարզենք՝ այդ եղեռնը եղե՞լ է, թե՞ չի եղել...ավելի մեծ խայտառակություն, ավելի մեծ ապտակ, ավելի մեծ անարգանք 2 մլն զոհերի հիշատակին չէր կարող լինել,– ասել է Գ. Եղիազարյանը։

Այնուհետև, անդրադառնալով մեկ այլ հարցի պատասխանի, Գուրգեն Եղիազարյանը նորից հակասության մեջ է մտել Լևոն Տեր–Պետրոսյանի ասածների հետ։ Մասնավորապես Լևոն Տեր–Պետրոսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ վերջին շրջանում ընթանում է բաց, հրապարակային երկխոսություն իշխանության և հասարակության միջև, և «դա մեր երազած պետությունն է, որպեսզի հասարակությունը և պետությունը բաց, հրապարակային, շարունակական երկխոսության մեջ լինեն»։

Երբ դուք ենթատեքստից հանում եք, մի նախադասությունն եք ասում, ես անեկդոտ եմ հիշում,– ասել է Գ. Եղիազարյանն ու հավելել,– ի՞նչ երազած Հայաստանի մասին կարելի է խոսել։ Մի հատ դուրս եկեք, տեսե՛ք՝ մարդիկ ոնց են ապրում, տեսեք՝ ոնց են գոյատևում մարդիկ։

Գուրգեն Եղիազարյանը թերևս տեղյակ չի նաև, որ ՀԱԿ–ն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ պահանջում է ոչ թե արտահերթ խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ.

–Որ մենք կարողանանք դիմանալ արտաքին մարտահրավերներին, նախ և առաջ պետք է սկսենք մեր տան ներսից։ Առաջին քայլն ԱԺ արտահերթ ընտրություններն են…

ԱԺ ընտրություննե՞րը,– զարմացել են լրագրողները։

Մի րոպե, ուրեմն մենք երկուսն էլ ասում ենք։ Կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ, որից հետո՝ արտահերթ ԱԺ ընտրություններ, կլինեն ԱԺ ընտրություններ, կլինեն նախագահական ընտրություններ,– պատասխանել է Գ. Եղիազարյանը։

Անդրադառնալով ՀԱԿ–ին Սերժ Սարգսյանի պատասխանին, որից ՀԱԿ ներկայացուցիչներն այնքան էլ գոհ չէին մնացել, Գ. Եղիազարյանն ասել է, որ այդ պատասխանն, իր կարծիքով, վերջինը չէ.

Դեռ կլինեն այլ հայտարարություններ։ Ավելի քան համոզված եմ, որ ավելի ստույգ կլինեն պատասխանները, և հանձնաժողովը, պատվիրակությունը կնստեն աշխատելու։ Թե դա երբ տեղի կունենա, ժամկետ չեմ կարող ասել։

Երբ լրագրողները փորձեցին պարզել, թե ՀԱԿ պատվիրակությունն ո՞ւմ հետ կնստի աշխատելու, քանի որ նախագահը հստակ ասել է, որ պատվիրակություն չի կազմելու, և հստակ ասել է, թե որ հարցի շուրջ ՀԱԿ–ը որ պաշտոնյայի հետ պետք է երկխոսի, Գ. Եղիազարյանը պատասխանել է.

Ում որ կներկայացնեն։ Նախ պետք է հնչեն ազգանուններ, ինչպես ՀԱԿ–ն արեց։

Այն դիտարկմանն էլ, որ իշխանությունը բացառել է նման կազմով բանակցությունները, ՍԴՀԿ անդամը պատասխանել է, որ դեռ կլինեն այլ հայտարարություններ՝ 2–ը, 3–ը, 4–ը։

Այսպիսով, տպավորություն էր ստեղծվում, որ Գուրգեն Ղազարյանը կա՛մ ընդհանրապես տեղյակ չէ ՀԱԿ քաղաքական գծից ու հայտարարություններից, կա՛մ լուրջ հակասություններ ունի ՀԱԿ որդեգրած գծի հետ։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը