Կարծիք

21.09.2021 16:46


Մենք չհասկացանք՝ պետությունն ինչ է, քաղաքացի լինելն ինչ է

Մենք չհասկացանք՝ պետությունն ինչ է, քաղաքացի լինելն ինչ է

Երբ մարդը ծնվում է, մեծանալուն պես նա սովորում է՝ որքան կարևոր է լինել պաշտպանված, նա գիտակցում է սեփականության արժեքն ու կարևորությունը, նա հասկանում է, թե որքան կարևոր է որոշ հարցերում լինել անկախ ու ինքնաբավ։ Կարևորում է տունը, որում ապրում է։ Չեմ խոսում ընտանիքի և այլնի մասին, դա պարզ է։

Երբ «ծնվում է» պետությունը, տարիների, տասնամյակների ընթացքում նա ձգտում է դառնալ ինքնիշխան, ուժեղ, ինքնաբավ, ընդլայնել կամ գոնե պահպանել իր ունեցած տարածքները։

Եվ 30 տարի առաջ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ծնվեցինք առաջին հայացքից առողջ, ապրելու ցանկությամբ և պայքարելու պատրաստականությամբ լինի։ Մեծանալուն պես մենք պետք է դառնայինք ինքնաբավ, զարգացած, ուժեղ, սեփական տարածքներին ու ժողովրդին տեր մի միավոր։

Բայց արի ու տես, որ զարգանալու փոխարեն մենք տարի առ տարի հետընթաց ենք գրանցում, ինչպես լինում է գենետիկական որոշ հիվանդությունների պարագայում։ 30 տարվա ընթացքում մենք մոռացանք՝ ինչ է պետությունը, որքան կարևոր են մեր սահմանները, մեր հայրենիքի ամեն մի մետրը, մեր արժեքները, որքան կարևոր է լինել ինքնաբավ, ինքնիշխան։

Մենք չհասկացանք, որ չի կարելի աջ ու ձախ զիջել մեր՝ առանց այդ էլ փոքր հայրենիքի տարածքները, քանի որ ցանկացած զիջում բերում է ոչ թե խաղաղության հաստատմանն, այլ նոր զիջումների, և որ չկան «ամայի տարածքներ», ինչպես մարդու օրգանիզմում չկան ավելորդ օրգաններ։

Չհասկացանք, որ եթե հայտարարում ես, որ ունակ չես պաշտպանել սեփական սահմանները, ապա կգտնվի մեկը, ով դա կանի քո փոխարեն, բայց հետո մի զարմացնի, որ դու այլևս ինքնիշխան չես ու քո դիրքորոշումը պահողին և մնացածներին չի հետաքրքրում, քանի որ դու չես կարող անգամ քո սեփական անվտանգությունն ապահովել, ի՞նչ սեփական կարծիքի մասին է խոսքը։

Չհասկացանք, որ չկա Արցախի խնդիր, Սյունիքի խնդիր, Տավուշի խնդիր և այլն, կա Հայաստանի Հանրապետության խնդիրը, և այդ խնդիրը պետք է ցավ պատճառի բոլորիս, քանի որ վաղ թե ուշ այն թակելու է բոլորիս դուռը։

Մենք չհասկացանք, որ դավաճանությունը պետք է դատապարտվի ու պատժվի, այլ ոչ թե լեգիտիմացվի ու արդարացվի։

Մենք չհասկացանք՝ պետությունն ինչ է, քաղաքացի լինելն ինչ է։ Մենք արժանի չդարձանք մեր պետության անկախության տոնին։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը