Լրահոս

02.07.2011 10:29


Կոչ՝ բոյկոտել մետրոյից օգտվելը

Կոչ՝ բոյկոտել մետրոյից օգտվելը

«Facebook» սոցիալական ցանցում ստեղծված «Ո՛չ մետրոյի թանկացմանը» խմբի օգտատերերից ոմանք կոչ են անում բոյկոտել մետրոյից օգտվելը։

«Ներկայում Երևանի մետրոպոլիտենն տարեկան սպասարկում է մինչև 2 մլն մարդ (կախված սեզոնից), եթե բոլորս բարեխղճորեն բոյկոտենք` այդ թիվը կհասնի մի քանի հազարի, էդ դեպքում ծախսերը փակելու համար 1000 դրամ տոմսն էլ չի հերիքի, և ստիպված կլինեն իջեցնել վճարը»,–գրել է նրանցից մեկը:

Մյուսն էլ առաջարկել է.

«Եկեք ամեն մեկս մտնենք մեր մոտի մետրո-կայարան, 50-դրամանոց մեկնենք ու ժետոն ուզենք, հենց ասեն` 100 դրամ ա, ասենք` լավ, մերսի, պետք չի, ու գնանք... ու տենց ամեն օր»։

2011թ. հուլիսի 1–ից Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ մետրոյի սակագինը կրկնակի բարձրացել է՝ դառնալով 100 դրամ։ Այս որոշումը բնակիչների շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել։ Անդրադառնալով դրանց՝ Կարեն Կարապետյանը «Facebook»-ի իր էջում գրել էր.

«Ես բազմիցս նշել եմ, որ մենք ընդհանրապես բավականություն չենք ստանում, երբ մեր քաղաքացիներին առաջարկում ենք ավելի բարդ պայմաններ: Մետրոյի սակագնի բարձրացման պատճառ է հանդիսացել ժամանակին կառավարության կողմից ստանձնած վարկային պարտավորությունը: Մետրոյին ուղղված դոտացիան չի նվազել, սակայն մետրոն չկորցնելու և տեխնածին վթարներից խուսափելու համար պահանջվում են ծախսեր, որի հնարավորությունը հանրապետական բյուջեն չունի: Ստանձնած վարկային պարտավորությունով է պայմանավորված սակագնի բարձրացումը»։

Նշենք նաև, որ երեկ Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի գործողություն է տեղի ունեցել «Ո՛չ մետրոյի թանկացմանը» նախաձեռնության անդամների մասնակցությամբ։ Նրանք նամակ են հանձնել Երևանի քաղաքապետին, որին քաղաքապետարանը պարտավորվել է պատասխանել 30 օրվա ընթացքում։ Մինչ այդ նամակներ են հանձվել նաև ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը