Քաղաքական

22.10.2021 09:47


ՄԻՊ-ը հակադարձում է ՊՆ-ի հերքմանը (տեսանյութ)

ՄԻՊ-ը հակադարձում է ՊՆ-ի հերքմանը (տեսանյութ)

Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն:

Սրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը:

Նախ, Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից և այլն): Պաշտպանին են շարունակում հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ:

Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա:

Հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները և այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության և կենսական մյուս իրավունքների խախտումների հետ: Հարցն այն է, որ հենց նման արարքներին են հաջորդում նրանց հետագա հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունները քաղաքացիական բնակչության և զինծառայողների վրա, որ պաշտպանում են հենց այդ բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ կենսական իրավունքներ:

Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։

Հետևաբար, Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:

Առհսարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլև թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս:

Ավելին, քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն, Պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ։

Եվ իսկապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 19-ի հերքումն հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական տեղական ու արտասահմանյան աղբյուրներով հայտարարություններ են արվել այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները կամ պնդումները կեղծ են և, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն այլևս հիմք չընդունել:

Ստացվում է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադրված է Պաշտպանության նախարարության վարչական ապարատի պաշտոնյաների հրապարակային պարզաբանել, որ իր զեկույցները, հայտարարությունները կազմվում ու հրապարակվում են հատուկ սկզբունքներով, որ հաշվի են առնվում միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները, որ Մարդու իրավունքների պաշտպանի ամեն խոսքն ունի իր արժեքը և որ դրանք հենց զինծառայողների իրավունքները պաշտպանելու, Զինված ուժերին ու երկրին աջակցելու համար են:

Ուստի, պետք է նկատի ունենալ, որ Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն արվում են, անգամ եթե դրանք կարող են քաղաքական դժգոհություննեի առիթ դառնալ, բայց փոխարենը դրանք դառնում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար արժեքավոր աղբյուր՝ օգտագործվելով միջազգային ատյաններում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և այլն:

Պաշտպանի զեկույցներն ու հայտարարությունները մշտապես հիմնված են առաջնային աղբյուրների, ոչ թե միջնորդավորված ու աղճատված տվյալների վրա: Դրանք հենց արժեքավոր են նրանով, որ անկախ աշխատանքների արդյունք են:

Ի վերջո, պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությունը գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Արբեջանի հետ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի և մյուս իրավունքների պաշտպանության համար է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միշտ է իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ աջակցել Զինված ուժերին և շարունակելու է նույն սկզվունքով գործելը: Որևէ անգամ թույլ չի տրվել, որ ստվերվի մեր պետականության բարձրագույն արժեքներից մեկի՝ Զինված ուժերի դերը՝ դրականը միշտ ներկայացնելով նաև տարբեր ատյաններում: Ողջ գործունեության ընթացքում մշտապես ապահովվել է գործընկերային աշխատանք՝ չվնասելու սկզբունքով և նույնն էլ ակնկալում է փոխադարձ։

Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին էլ առաջարկում ենք իրազեկման նպատակով հնարավորինս լավ ուսումնասիրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները, աշխատանքի արդյունքներն ու տեղում առկա իրավիճակը և մյուս անգամ անհավաստի տվյալների հիման վրա չփորձել կասկածի տակ դնել Պաշտպանի հայտարարությունները կամ զեկույցները: Հուսով ենք՝ գոնե նվազագույն մակարդակով կպահպանվի համագործակցության այն բարձր որակը, որ ձևավորված էր նախորդ մարզպետի պաշտոնավարման ժամանակ և ապահովում էր մարդու իրավունքների պաշտպանության դրական արդյունքներ:

Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները»։

Այս խորագրի վերջին նյութերը