Քաղաքական

16.11.2021 20:59


Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները. ՌԴ ՊՆ

Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ ՊՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը