Հարցազրույց

17.11.2021 13:27


Ադրբեջանն ուզում է՝ ստիպել, որ շուտ սկսեք դեմարկացիան․ Զատուլին

Ադրբեջանն ուզում է՝ ստիպել, որ շուտ սկսեք դեմարկացիան․ Զատուլին

Հրապարակի հարցազրույցը ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

-ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակման հարցով դիմում ենք ՌԴ-ին՝ 97-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Ճի՞շտ է արդյոք ՌԴ-ին դիմելը, եթե կա ՀԱՊԿ։

-Դիմելը հարց է, որ, ըստ իս, պետք է ուղղել նրան, ով հանդես է եկել նման դիմումով, ես այն չեմ տեսել, եւ ինձ համար բարդ է դրա մասին դատողություններ անելը։ Չգիտեմ՝ ճիշտ է, թե ոչ, բայց ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին եւ կամ կարող է դիմել ՀԱՊԿ-ին։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ՌԴ-ում համարո՞ւմ են, որ այն ծայրահեղ լարված է, ՌԴ-ն որքանո՞վ է պատրաստ միջամտել, եւ կլինի՞ արդյոք իրական աջակցություն։

-Ռուսաստանը նոր չէ, որ խառնվել է, եւ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում դրա վկայությունն է։ Այն, ինչ կատարվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին, իմ կարծիքով՝ Ադրբեջանի ցանկությունն է՝ Հայաստանին հնարավորինս շուտ ստիպելու անցկացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա։ Ես համարում եմ, որ սա, անշուշտ, սադրանք է։ Բայց, իմ կարծիքով, սկզբունքային տարբերություն կա մեծամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ սահմանային միջադեպերի միջեւ։

-Սա համարում եք սահմանային միջադե՞պ։

-Տվյալ դեպքում, քանի որ դա տեղի է ունենում սահմանին, ես այլ որակումներ չեմ կարող տալ, եւ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մտահոգությունը, անշուշտ, կա։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է լրջորեն նախազգուշացվի, եւ կարծում եմ՝ Ադրբեջանն ինչ հայտարարություններ անի էլ, անպայման կարձագանքի առաջարկին՝ որքան հնարավոր է շուտ անցնել սահմանային դեմարկացիա-դելիմիտացիայի բանակցություններին։ Բայց այստեղ խնդիր է ծագում հայկական կողմի մոտ, քանի որ հայկական կողմը, ոչ առանց հիմքի, համարում է, որ ստեղծված իրավիճակում այդ բանակցությունները միաժամանակ նշանակում են Արցախի կարգավիճակի հուղարկավորություն։ Ուստի, ինձ թվում է, որ պետք է անցկացվեն ոչ միայն դեմարկացիա-դելիմիտացիայի շուրջ բանակցություններ, այլեւ Արցախի կարգավիճակի։ Պարզապես, այս պահի դրությամբ, դա դժվար իրականանալի է․ վերջերս եղան պատերազմական գործողություններ, արդյունքը հայտնի է, եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, որոնք, ըստ իս, անպայման պետք է տեղ գտնեն, ավելի կլիներ ձգել։ Բայց դա հասկանում է նաեւ Ադրբեջանը։ Իսկ ընդհանրապես՝ պետք է ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ քաղաքական, դիվանագիտական։

-Ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ ճնշումը։

-Ես չեմ կարող այդ մասին դատողություն անել, քանի որ ես չեմ այդ որոշումներն ընդունողը։ Ես ասում եմ այն մասին, թե ինչն իմ հայացքով կարելի էր անել։

-Արդեն շուրջ 3 տասնյակ սպանված, 11 գերի, վիրավորներ կան, եւ շարունակում եք պնդել, որ․․․

-Ես նման թվերից տեղյակ չեմ, ես տեղակ եմ 2 վիրավորի մասին: Ես չեմ կարող խոսել Ձեր տեղեկությունների հիման վրա, երբ կլինի պաշտոնական հաղորդում, այդ ժամանակ էլ կանդրադառնամ։

Այս խորագրի վերջին նյութերը