Քաղաքական

17.11.2021 21:30


«Սա սադրանք է, և մենք պետք է արձագանքենք». Զատուլինը Մոսկվային կոչ է արել դիվանագիտական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

«Սա սադրանք է, և մենք պետք է արձագանքենք». Զատուլինը Մոսկվային կոչ է արել դիվանագիտական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Մոսկվան պետք է դիվանագիտական ճնշում գործադրի Ադրբեջանի վրա և ուժ կիրառի հակամարտության սրման դեպքում, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ինչպես հիշեցնում է lazarevsky.club կայքը, ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ հանրապետությունը գրավոր դիմում է պատրաստում Ռուսաստանին՝ 1997 թվականի երկկողմ համաձայնագրի շրջանակներում իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու խնդրանքով՝ Ադրբեջանի հետ սահմանին նոր բախումների ֆոնին։

«Մոսկվան պետք է առավելագույն դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրի կողմերի, առաջին հերթին Ադրբեջանի վրա, որի նախաձեռնությունն այս դեպքում ակնհայտ է։ Եթե խոսքը վերաբերի մեր խաղաղապահների զբաղեցրած դիրքերի, խաղաղապահների վրա հարձակվելու մասին, նրանք անկասկած զենք կկիրառեն։ Իմ կարծիքով, սա սադրանք է, և մենք պետք է արձագանքենք։ Ես զինվորական չեմ, բայց ռազմական միջամտության հիմքեր այս պահին չկան, սա սահմանամերձ գոտի է։ Եթե այս ամենը զարգանա, ապա պետք է նախազգուշացվի ուժի կիրառման հնարավորության մասին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մեր դաշնակիցն է»,-ասել է Զատուլինը։

Նրա խոսքով, սահմանին առավել հաճախակի բախումները Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները վերսկսելու ուղղությամբ Ադրբեջանի փորձերն են, ինչին հայկական կողմն այս պահին պատրաստ չէ։

«Սա Ադրբեջանի հերթական փորձն է՝ ստեղծելու սահմանային միջադեպ, ստիպելու Հայաստանին բանակցել սահմանագծման և սահմանազատման շուրջ։ Ինքնին այդ բանակցությունները, ըստ Ադրբեջանի, պետք է հանգեցնեն համաձայնագրի ստորագրմանը, որը կփակի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման։ Հենց դրա համար է, որ այսօր Հայաստանում ձգձգում են, խուսափում են այս բանակցություններից։ Նրանց կարելի է հասկանալ կրած պարտությունից հետո։ Ադրբեջանի կողմից այդ միջադեպերի իմաստը, գաղափարը, նախաձեռնությունը կապված են բացառապես Լեռնային Ղարաբաղի խնդրին վերջ դնելու ցանկության հետ»,-պարզաբանել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը