Քաղաքական

19.11.2021 08:30


Ոչ միայն հեռանում են, այլև հրաժարվում քաղաքացիությունից. ահա, թե որտեղ են ռեկորդները

Ոչ միայն հեռանում են, այլև հրաժարվում քաղաքացիությունից. ահա, թե որտեղ են ռեկորդները

«Ապագա կա» ասելով՝ իշխանությունը վերարտադրվեց։ Շատերը հավատացին դրան ու կրկին ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Ընտրեցին, բայց փոխարենը մնալու և վայելելու այդ իշխանության տված պտուղները, հեռանում են երկրից։

Այս տարվա առաջին 9 ամիսներին երկրից գնացել ու չի վերադարձել 103,5 հազար մարդ։ Խոսքը բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին է։

Սա բացարձակ ռեկորդ է վերջին 4 տարիների կտրվածքով։ Նույնիսկ նախկին «ազգադավ» ու «թալանչի» իշխանությունների օրոք այնքան մարդ չէր լքում երկիրը, ինչքան հիմա։

Պաշտոնական տվյալներով՝ 2017թ. առաջին 9 ամիսներին կամ իշխանափոխությունից մեկ տարի առաջ Հայաստանից գնացել էր 75 հազար քաղաքացի։ Առնվազն 28 հազարով քիչ, քան գնացել է այս տարի։

Իշխանափոխությունից հետո գնացողների ու չվերադարձողների քանակը որոշ չափով կրճատվեց, բայց ներգաղթի մասին, ինչպես խոստանում էին իշխանությունները, խոսք լինել չէր կարող։

2018թ. առաջին 9 ամսում Հայաստանից հեռացել էր՝ 42,1 հազար, իսկ մեկ տարի հետո՝ 35,5 հազար քաղաքացի։

2020թ. հոսքերը դրական էին։ Բայց դա էլ հարկադրական ներհոսք էր։ Նախորդ տարվա ցուցանիշն անիմաստ է դիտարկել այս համեմատությունների մեջ։ Դա ոչ թե համատարած հայրենադարձություն էր, այլ հարկադիր վերադարձ։ Համավարակի ու փակ սահմանների պատճառով անցած տարի շատերը չկարողացան դուրս գալ երկրից, շատերն էլ ստիպված էին վերադառնալ Հայաստան, որովհետև հայտնվել էին ծանր ֆինանսական ու սոցիալական իրադրության առաջ։

Իշխանափոխությունից հետո քիչ չէին նրանք, ովքեր խոսում էին Հայաստան վերադառնալու մասին։ Այսօր նման միտումներ այլևս չկա։ Այսօր մարդիկ մտածում են ավելի շուտ երկրից գնալու և ոչ թե՝ վերադառնալու մասին։

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ծանր մթնոլորտը շատերին կանգնեցրել է երկընտրանքի առաջ։ Չուզելով՝ մարդիկ ստիպված են հեռանալ երկրից։ Պատճառները բազմազան են։ Նախկինում էլ գնում էին Հայաստանից, բայց հիմնականում տնտեսական ու սոցիալական պատճառներով։ Հիմա ավելացել է նաև հետպատերազմյան ծանր մթնոլորտն ու շարունակվող անորոշությունն ապագայի նկատմամբ։

Պատերազմից նույնիսկ մեկ տարի հետո հայտնի չէ, թե ինչ ապագա է սպասվում Հայաստանում ու տարածաշրջանում։ Իշխանությունները խաղաղության օրակարգից են խոսում, իսկ թշնամին նոր տարածքներ է զավթում։ Լարվածությունը սահմաններում չի թուլանում, պատերազմի վտանգները կրկին ավելացել են։

Այս պայմաններում զարմանալի չէ, որ միգրացիոն բացասական հոսքերն առայժմ կանգ առնելու միտում չունեն։

Տարվա առաջին կեսին Հայաստանից մեկնել ու չէր վերադարձել 94 հազար քաղաքացի։ Ինն ամիսների արդյունքներով՝ այդ թիվը հասավ 103,5 հազարի։

Տարեսկզբին մեկնողների մի մասը, անշուշտ, գնում էր արտագնա աշխատանքի նպատակով։ Գնում էր՝ կրկին վերադառնալու ակնկալիքով։ Բայց տարվա կեսից հետո արտագնա աշխատանքի չեն մեկնում։ Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր գնում են չվերադառնալու մտադրությամբ։

Ինն ամսում Հայաստանից գնացած 103,5 հազարի մի մասը տարեվերջին գուցե հետ կգա, բայց թե այդ ընթացքում քանիսն էլ կգնա, դեռ պարզ չէ։ Գնացողները շարունակում են գնալ։

Ավելացել է ոչ միայն արտագաղթը, այլև այն քաղաքացիների թիվը, ովքեր այլ երկրի և առաջին հերթին՝ Ռուսաստանի քաղաքացիություն են ստանում։ Այդ առումով ևս տարին ռեկորդային է։ Միայն առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 22 հազար հայաստանցի։ Վերջին 4 տարիների կտրվածքով սա ևս բացարձակ ռեկորդ է։

Ահա թե որտեղ են այս իշխանությունների ապահոված ռեկորդները, որոնց մասին նրանք ոչ մի անգամ չեն խոսում։ Ներգաղթի հույսեր տալով՝ եկան իշխանության, ու հիմա դատարկում են երկիրը։

Սա այն է, ինչ ունենք միգրացիոն հոսքերի առումով։ Ներգաղթի փոխարեն՝ արտագաղթ, որը սարսափելի բարձր տեմպերի է հասել հատկապես այս տարվա ընթացքում։

Կտրուկ ավելացել է Ռուսաստանի միգրացիոն ծառայություններում հաշվառման կանգնած Հայաստանի այն քաղաքացիների թիվը, ովքեր պատրաստվում են օրինական կարգավիճակ ստանալ այդ երկրում։ Տարվա առաջին կեսի տվյալներով, այդպիսի քաղաքացիների թիվը հասնում էր 300 հազարի։

Նախորդ տարի 200 հազար էր։ Վերջին մեկ տարում 100 հազարով ավելացել է։

Լավ օրից ու իշխանությունների ապահոված պայծառ ապագայից չէ, որ մարդիկ լքում են երկիրը կամ ձգտում այլ երկրի քաղաքացիություն ստանալ։

Ահա այսպես միգրացիան դատարկում է Հայաստանը։ Շատերը հույս ունեին, որ պատերազմի խայտառակ պարտությունից հետո Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություն տեղի կունենա։ Կգան մարդիկ, ովքեր կփորձեն փոխել հետպատերազմյան ծանր մթնոլորտը։ Բայց քաղաքական իրավիճակը երկրում չփոխվեց՝ մեծացնելով հիասթափությունն ու խորացնելով արտագաղթի սկսված ալիքը։

Պաշտոնական տվյալներով, տարվա սկզբից Հայաստանից մեկնել է 558,8 հազար մարդ։ Խոսքը միայն մեր երկրի քաղաքացիներին մասին է։ Նրանցից վերադարձել է 445,3 հազարը։ Մնացածը մնացել են դրսում. կգան կամ չեն գա։

Դեռ լավ է, որ ցամաքային ճանապարհները փակ են կամ դժվար հասանելի։ Այլապես շատ ավելի շատ կարող էր լինել արտագաղթողների քանակը։

Արտագաղթի խորացմանը ոչ միայն ստեղծված հետպատերազմյան ծանր մթնոլորտն է նպաստել, այլև սոցիալական իրավիճակը. ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանի տնտեսությունը դժվար է դուրս գալիս ճգնաժամից, մարդկանց եկամուտները շատ դանդաղ են ավելանում, եթե, իհարկե, ավելանում են, համատարած թանկացումներ են, գնալով մեծանում է ֆինանսական ծանրաբեռնվածությունը, խորանում է աղքատությունը։

Ու այդքանից հետո ոչ մի հույս չկա, որ առաջիկայում իրավիճակը դեպի լավն է փոխվելու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը