Քաղաքական

19.11.2021 10:08


Գերեզմանափորը

Գերեզմանափորը

Ո՞ւմ մասին է և ո՞ւմ համար է Հայաստանը՝ որպես պետություն. Ճակատեն գյուղում բնակվող գյուղացո՞ւ, թե՞ կառավարական ամառանոցում ապրող Նիկոլ Փաշինյանի։ Հարցն առաջին հայացքից գրոտեսկային է, բայց խիստ առարկայանում է համեմատությունների տիրույթում։

Ճակատեն տանող ճանապարհը հանձնվում է ադրբեջանցիներին և փակվում է ադրբեջանցիների կողմից այն նույն պահին, երբ ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, զենք բռնել իմացող բոլորը փակում են Նալբանդյան փողոցը՝ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժն ապահովելու համար։

Ճակատենի և այլ գյուղերի բնակիչը գոյաբանական՝ կյանքի սպառնալիքի առջև է կանգնում այն մեկ մարդու կայացրած որոշումների արդյունքում, որի ֆիզիկական անվտանգությունն ապահովվում է հարյուրավոր, հազարավոր ուժայինների, թիկնապահների, զրահապատ ավտոմեքենաների կողմից։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովում է Ճակատենի բնակչի անվտանգության հաշվին, իր իշխանությունը երկարաձգում է, իր աթոռը պահում է նույն այդ գյուղացուն ադրբեջանցի դիպուկահարի թիրախ դարձնելով․․․

Նիկոլ Փաշինյանն ապրում է Ճակատենի այն մեկ մարդու կյանքի հաշվին, ով գուցե երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում կանգնած հավատում էր «և այդ մեկ մարդը դու ես» նրա տափակաբանությանը։

Հավատալը մեղք չէ, ինչպես որ մեղք չէ խաբվելը, և ճակատենցի մեր բարեկամը մեղավոր չէ, որ միամտություն է ունեցել մոլորվելու, թե ինքը երեք միլիոն վարչապետներից մեկն է։
Հայաստանն ունի մեկ վարչապետ և այդ մեկ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Անվանապես։

Բովանդակային առումով իրականում Հայաստանը վարչապետ չունի, որովհետև իր սուվերեն տարածքը պաշտպանել չկարեցողն ու թշնամուն հանձնողը պետություն չէ ըստ սահմանման, հետևաբար՝ ղեկավար չէ նաև որպես դրա ղեկավար ներկայացողը։

Նիկոլ Փաշինյանն ազնվորեն իրականացրել է իր խոստումն այն մասին, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա և՛ ինքը ՀՀ վարչապետն է՝ վկայականով, և՛ Հայաստանը վարչապետ չունի բովանդակայնորեն՝ վարչապետի իրավասության տիրույթի վերացման պատճառով։

Հայաստանը ոչ թե Ճակատենի կամ որևէ սահմանամերձ գյուղի բնակչի, այլ Նիկոլ Փաշինյանի համար է ու նրա մասին։ Ճակատենի բնակիչը ադրբեջանցիների բաժինն է։ Նա Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե նպատակ է, ինչպես գրված է Սահմանադրությունում և ինչպես տարփողվում է միտինգային ճառերում, այլ միջոց է՝ հերթական բնակավայրը թշնամուն հանձնելու գործարքներում։

Ավելին՝ Ճակատենի մեր հայրենակիցը մեծացնում է Նիկոլ Փաշինյանի գործարքի գինը, որովհետև մի բան է՝ անբնակիչ տարածքի հանձնումը Ադրբեջանին, և բոլորովին այլ պարագա է, երբ տարածքը հանձնվում է բնակիչով-բանով։ Նիկոլ Փաշինյանը, այսինքն, օգտագործում է այդ բնակչի գոյությունն Ալիևի հետ ուղիղ կապի կամ ռուսական միջնորդությամբ գյալաջիի ընթացքում՝ տարածքների հանձնումից ավելին ստանալու համար։

Հայաստանը մարդու մասին չէ ու մարդու համար չէ։

Մարդը Հայաստանում վիճակագրություն է՝ սովորական պայմաններում, և թնդանոթի միս՝ «հրադադարի խախտման» ժամանակ։

Եվ կյանքը Հայաստանում մեծ հաշվով սպասում է՝ վիճակագրական ցուցանիշից նահատակ դառնալու ճանապարհին։

Նահատակությունը նույնպես Նիկոլ Փաշինյանի խոստումներից մեկի իրագործման ճանապարհն է։ Չհաշված վերջին մի քանի ամիսները, նա յուրաքանչյուր ելույթի վերջում խոնարհվում էր ՀՀ հպարտ քաղաքացիների առաջ։ Բայց դեռևս ապրող մարդկանց առաջ հարյուր թիկնապահով շրջողի կռացումը կարող է սխալ հասկացվել, մինչդեռ նույն թիկնազորի հայացքի ներքո արդեն զոհվածների շիրիմների առաջ խոնարհումը բավական հուզիչ է ստացվում։

Կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է ՀՀ բոլոր հպարտ և ոչ այնքան հպարտ քաղաքացիների շիրիմների առաջ խոնարհվելու անդիմադրելի ցանկությամբ։

Ու հույսով, որ վերջում նրա առաջ կհայտնվի սեփական ու վերջին շիրմափոսը փորած գերեզմանափորը և հարգանքի տուրք մատուցելով պետության անհոգեհաց թաղումը կազմակերպած հեղափոխական բարձրաստիճան գործընկերոջը՝ հպարտորեն կազդարարի՝ «և այդ մեկ մարդը դու ես»։

Հարություն Ավետիսյան

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը