Քաղաքական

20.11.2021 12:38


3 իրավիճակ կամ ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը

3 իրավիճակ կամ ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը

Հասարակության ընդդիմադիր հատվածները Փաշինյանի աղետաբեր իշխանության հրաժարականին հասնելու գործողությունների քննարկման շրջանակներում առաջ են քաշում նաև խորհրդարանական ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու և դրանով խորհրդարանական ճգնաժամ առաջացնելու տարբերակը: Փաստենք, որ այդ առաջարկն այս կամ այն ինտենսիվությամբ քննարկում են հիմնականում ուղղորդված և ընդդիմությանը դիտավորությամբ հեղինակազրկելու գործին լծված անձինք կամ ինչ-որ միավորումներ: Այդուհանդերձ, ընկնելով նրանց տեղեկատվական հոսքերի մեջ կամ կրելով ստեղծված ծանրագույն իրադրության հոգեբանական ազդեցությունները, իրապես ազնիվ ու առողջ ընդդիմադիր շրջանակներ ևս երբեմն հնչեցնում են այդ առաջարկը:

Ստորև ներկայացնում ենք հնարավոր բոլոր իրավիճակները, որոնք կառաջանան, եթե, օրինակ, խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները վայր դնեն մանդատները, այնուհետև օրենքով իրենց տրվելիք մանդատներից հերթով հրաժարվեն նաև նույնանուն դաշինքների ցուցակների, համապատասխանաբար, 153-րդ և 230-րդ թեկնածուները: (Հիշեցնենք` երբ ասում ենք մանդատներից հրաժարվել, պետք է նկատի ունենալ, որ դրանցից պետք է հրաժարվեն ոչ թե միայն գործող պատգամավորները, այլ նաև ցուցակի բոլոր թեկնածուները):

Իրավիճակ առաջին

Որևէ բան տեղի չի ունենա: Խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը՝ առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության: Փաշինյանն իրեն հատուկ մեթոդներով և եղանակներով կհայտարարի, որ ոչ մի կազուսային իրավիճակ չկա, և խորհրդարանը կշարունակի իր բնականոն աշխատանքը: Մի քանի իրավաբաններ կամ սահմանադրական իրավունքի մասնագետներ էլ (բնականաբար՝ հատուկ հանձնարարությամբ) կշտապեն մասնագիտական տեսակետներ հայտնել, որ նման դեպքերում խորհրդարանին ոչինչ չի սպառնում և այլն, և այլն:

Իրավիճակ երկրորդ

Փաշինյանը կհայտարարի խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին: Այս դեպքում հավանական է, որ Փաշինյանի թիմը, վերստին կառչելով իշխանական լծակներից, վարչական մեքենայի, ուժայինների միջոցով վախեցնելով, սպառնալով, զանազան մեթոդներով խաբելով, մոլորեցնելով ու կաշառելով, վերստին վերընտրվի:

Իրավիճակ երրորդ

Փաշինյանն արագորեն կստանա ԿԸՀ մեկնաբանությունը նման դեպքերի համար: «Փաշինյանական» այդ մեկնաբանություն-կանոնակարգով, որը Սահմանադրական դատարանը ևս արագորեն կմեկնաբանի որպես Սահմանադրությանը չհակասող ընթացակարգ, արագորեն խորհրդարան կմտնեն ընտրություններին առավելագույն քվե ստացած հաջորդ երկու ուժերը: Հիշենք դրանք՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» ու Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցություններն են, որոնք, համապատասխանաբար, ստացել են 3.95 % և 3.03 % քվե: Արդյունքում՝ խորհրդարանում կունենանք նոր ընդդիմություն:

Քննարկեցինք երեք հնարավոր իրավիճակ: Մեր ընդդիմադիր քաղաքացին կարող է ընտրել երեքից ցանկացածը՝ համոզվելով, որ դրանցից որևէ մեկը ոչ միայն չի նպաստում իշխանության դեմ պայքարին, այլև` ճիշտ հակառակը, կարող է լավագույն նվերը լինել Փաշինյանի թիմի համար:

Խորհրդարանական ընդդիմադիր մանդատների կամ դրանք կրող գործիչների դեմ պայքարն իրապես ոչինչ չտվող և, ընդհակառակը, խորքի մեջ Փաշինյանին ծառայող գործընթաց է:

Հետևաբար, ընդդիմությունից պետք է պահանջել ոչ թե մանդատները վայր դնել կամ բացակայել նիստերից, այլ լիարժեք օգտվել այն գործիքակազմից, որով օժտված է խորհրդարանական ընդդիմությունը: Ընդդիմությունից պետք է պահանջել նաև զուգահեռաբար ծավալել փողոցային պայքար, իսկ հասարակությանն այդ պայքարի կողքին կանգնելու կոչ անել: Դա է հաջողության հասնելու գրավականը:

Վահե Սարգսյան

Աղբյուրը` yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը