Քաղաքական

25.11.2021 10:19


Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու նախապայմանը բանակը Սյունիքից հանելն է. «Հրապարակ»

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու նախապայմանը բանակը Սյունիքից հանելն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ նախօրեին իր առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դեմարկացիայի և դելիմիտացիայի ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է նախնական համաձայնություն՝ նման հանձնաժողով ստեղծելու մասին, իսկ բովանդակային հարցերը կքննարկվեն բանակցությունների ժամանակ, սակայն որոշ շրջանակներ նույնիսկ փաստաթղթի բովանդակային կետերն էին արդեն քննարկում։ Մասնավորապես, համաձայն ինֆորմացիոն արտահոսքերի, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու նախապայմանը բանակը Սյունիքից հանելն է, այսինքն՝ Սյունիքը դեմիլիտարիզացնելը՝ ապառազմականացնելը։

Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի խոսքի որոշ հատվածներում, տողատակերում դա նկատելի էր։ Օրինակ, Փաշինյանը նշեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ վերջին առաջարկները շատ չեն տարբերվում դրանից առաջ եղած առաջարկներից. «Զորքերի հետքաշման գաղափարը մենք ենք առաջարկել, բայց հարց է ծագում՝ ի՞նչ սկզբունքով և ո՞ր տարածքներում հետ քաշել զորքերը, իսկ ի՞նչ կետի նկատմամբ հայելային հետ քաշել զորքերը, իսկ ինչպե՞ս ապահովել երաշխիքը, որ հետ քաշված զորքերը մթության քողի տակ չեն սկսելու տեղաշարժվել և նոր դիրքեր զբաղեցնել: Եթե դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա բախումների ներքո, այդ ողջ պրոցեսը ձախողված է»։

Ապա հավելեց, որ այս ամենի շուրջ աշխատում են ամենօրյա ռեժիմով: Նրա խոսքից կարելի է հասկանալ, որ բախումներից խուսափելու լավագույն լուծումը երկուստեք դեմիլիտարիզացիան է։ Սակայն ի՞նչ երաշխիք, որ մեր կողմից Սյունիքը կապառազմականացվի, իսկ հակառակորդը դա չի անի։ Ի վերջո, մեր բանակը մեր պաշտպանության միակ երաշխավորն է, որը կազմաքանդելուց հետո կհայտնվենք թուրք-ադրբեջանական զինուժի առաջ բացարձակ անպաշտպան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը