Քաղաքական

11.07.2011 13:06


Հեղինե Բիշարյան. ««Օրինաց երկիր»-ը գիտի երկխոսության արժեքը»

Հեղինե Բիշարյան. ««Օրինաց երկիր»-ը գիտի երկխոսության արժեքը»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իշխանության և ՀԱԿ–ի միջև երկխոսությանը`  ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է.

«Օրինաց երկիր» կուսակցությունը կողմ է երկխոսությանը և գիտի երկխոսության արժեքը։ 2008-ին տեղի ունեցավ նմանատիպ երկխոսություն, երբ նախագահական ընտրություններից հետո, երբ երկրում հեղափոխական իրավիճակ էր, և կար ներքաղաքական լարվածություն, և ինչու չէ՝ նաև արտաքին ագրեսիա կարող էր տեղի ունենալ, առաջարկություն եղավ երկրի նախագահի կողմից, երկխոսության կոչ, «Օրինաց երկիր» կուսակցությունն այդ կոչն ընդունեց հանուն այն բանի, որ երկրում տեղի չունենա քաղաքացիական պատերազմ և արտաքին ագրեսիա։ Այս դիրքերից մենք ողջունում ու կարևորում ենք նաև այսօրվա երկխոսությունը ՀԱԿ–ի հետ։

Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու համար Տեր–Պետրոսյանը Արթուր Բաղդասարյանին  «ախք» և դավաճան անվանեց։

Հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, որոշում կայացվեց պատվիրակություններ ստեղծել, Հեղինե Բիշարյանը պատասխանել է.

–Կարևորը երկխոսության բովանդակությունն է, խնդիրները, որոնք պետք է քննարկվեն, ձևը չէ, որ կարևոր է։ Բայց քանի որ ՀԱԿ–ի կողմից նաև ձևի մասին է եղել խոսակցություն, մենք որոշեցինք, որ ձևի ու բովանդակության ներդաշնակության շրջանակներում տեղի ունենա այդ երկխոսությունը։

Ապա Բիշարյանը նաև ավելացրել է, թե երկրի նախագահն էլ անդրադարձել է այդ խնդրին, որ «եթե ՀԱԿ–ն ուզում է, որ կոալիցիոն քաղաքական ուժերի դեմքերով երկխոսության սեղանին նստենք, ապա մենք համաձայն ենք նաև այդ ձևաչափին»։

Ինչ վերաբերում է այն խնդրին, թե ո՞ր հարցերն են լինելու քննարկման առարկա, Բիշարյանն ասել է, թե այդ հարցը կորոշվի առաջիկա տասնօրյակում, երբ տեղի կունենա երկխոսության աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը՝ այնուամենայնիվ ընդգծելով, թե արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը