Քաղաքական

30.11.2021 12:24


Ընդդիմությունն առաջարկում է ապաքրեականացնել վիրավորանքը

Ընդդիմությունն առաջարկում է ապաքրեականացնել վիրավորանքը

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա նշեց, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021թ–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները։

«Մեր խորին համոզմամբ` այս փոփոխությունները լուրջ հակասություններ ունեն և՛ ՀՀ Սահմանադրության, և՛ Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Ակնհայտ է, որ օրենսդրությունը չի հետապնդել Սահմանադրությամբ ամրագրված որևէ նպատակ, այլ ընդամենը փորձում է սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես` հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչների նկատմամբ»,–ասաց Վարդանյանը։

«Ես կուզեի ձեր դիրքորոշումը հասկանալ։ Օրինակ` հայհոյանքը (այն, ինչ մենք դրա տակ հասկանում ենք) քաղաքական պայքարի միջո՞ց է, ընդունելի՞ է որևիցե երկրում»,– հարցրեց նա։

Վարդանյանն ասաց, որ ինքն իհարկե դեմ է հայհոյանքին ու հայհոյանքը քաղաքական վարքագծի նորմ չի համարում, բայց հայհոյանքը քաղաքական վարքագծի նորմ են դարձրել այսօրվա իշխող քաղաքական մեծամասնությունն ու դրա ղեկավարը։

«Այնքան հայհոյանքներ, որ մենք, անձամբ ես լսել եմ, տեսել եմ, արձագանքել եմ և ուղղակի, կարդալով երկու բառ, ասել եմ «անասուն» ու անցել եմ, չեմ էլ արձագանքել։ Դուք անձամբ ներկա եք եղել ԱԺ–ի նիստերին, որտեղ ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները վերջին բնույթի սեռական հայհոյանքներն են ասել ընդդիմադիրների հասցեին»,– ասաց Վարդանյանը։

Եվ, այդուհանդերձ, ներկայացված նախագծում ընդդիմությունն առաջարկում է վիրավորանք, հայհոյանք կամ զրպարտություն հնչեցնողների նկատմամբ կիրառել միայն վարչական պատասխանատվություն` տուգանք, քանի որ այդ արարքների քրեականացումը հակասում է միջազգային փորձին ու Հայաստանը մի քանի տարով հետ շպրտում։

Հիշեցնենք` Ազգային ժողովն այս տարվա հուլիսին ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը