Քաղաքական

03.12.2021 15:27


Այս հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցավորություն է պետականության հանդեպ. ՀՅԴ Սյունիքի ՄԿ

Այս հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցավորություն է պետականության հանդեպ. ՀՅԴ Սյունիքի ՄԿ

ՀՀ իշխանությունների վարած ապազգային քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի և սյունեցիների նկատմամբ անձնավորված թիրախային մոտեցումը:

Մինչ այսօր, առանց իրավական լուրջ հիմնավորումների, անազատության մեջ են գտնվում Սյունիքի մարզի խոշորացված համայնքների 4 ընտրյալ ղեկավարները, որոնք մասնակցել են արցախյան երկրորդ պատերազմին և միշտ պատրաստակամ են մասնակցել ցանկացած գործողության՝ հանուն պետականության և հայի արժանապատվության:

Երեկ ձերբակալվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Աշոտ Մինասյանի և Սիսական ջոկատի հերոսական գործունեության մասին կարող են չիմանալ միայն անհայրենիք և անցյալ չունեցող մարդիկ: Նրա և 4 համայնքների ղեկավարների ազատության մեջ գտնվելը վտանգավոր կարող են համարել միայն նրանք, ովքեր արժանապատիվ խաղաղությունը շփոթում են անարժանապատիվ և ստրկական գոյության հետ:

Այսօր Սյունիքը գտնվում է մեր թշնամիների հակահայ ծրագրերի և աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում: Նման իրավիճակում ընտրյալ ղեկավարների, ռազմական փորձ ունեցող և հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցավորություն է պետականության նկատմամբ, Սյունիքի դիմադրողական ոգու թուլացման քայլ:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք ազատ արձակել Սյունիքի ընտրյալ համայնքի ղեկավարներ Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին, Արթուր Սարգսյանին, Մխիթար Զաքարյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:

Մեր պահանջի չկատարումը կդիտարկենք որպես Սյունիքի և սյունեցիների անվտանգային խնդիրների դեմ ուղղված կանխամտածված գործողություն:

ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը