Հարցազրույց

04.12.2021 10:21


«Այս տարի մոտ 200 տնտեսվարող փակվել է, 10-15 հազար երիտասարդ մասնագետ լքել է ՀՀ-ն». Աշոտ Բարսեղյան (տեսանյութ)

«Այս տարի մոտ 200 տնտեսվարող փակվել է, 10-15 հազար երիտասարդ մասնագետ լքել է ՀՀ-ն». Աշոտ Բարսեղյան (տեսանյութ)

Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։ Այս որոշումը դժգոհություն է առաջացրել տնտեսվարողների շրջանում՝ հաշվի առնելով, որ նրանց հետ քննարկումներ չեն էլ եղել այս թեմայով: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ նախագիծ չկա, կա նախարարի հայտարարություն, որն առաջացրել է մեծ դժգոհության ալիք, որովհետև ըստ նրա՝ այն իր մեջ պարունակում է բազմաթիվ բացասական սոցիալ-տնտեսական ազդեցություններ:

«Առողջապահության նախարարությունը իր համար սովորություն է սարքել խոսել սոցիալ-տնտեսական ոլորտից՝ մոռանալով, որ իրենց պատասխանատվության ոլորտը առողջապահության ոլորտն է: Կոչ ենք անում առողջապահության պատասխանատուներին զբաղվել առողջությամբ, մտածել միայն առողջապահական բաղադրիչի մասին: Արդեն որերորդ անգամ առողջապահության պատասխանատուները արտահայտում են մտքեր և նախագծեր են կյանքի կոչում, որոնք ուղիղ ազդեցություն ունեն սոցիալական և տնտեսական կյանքի վրա: Նախարարի հայտարարության օրը շատ մեծ աղմուկ բարձրացավ, հազարավոր զանգեր ստացանք, թե արդյո՞ք չեղարկվելու են միջոցառումներ. Գիտեք, որ Նոր տարի է, մարդիկ գնում են հանգստյան տներ: Բոլոր հայտնի կուրորտներում արդեն տեղ չկա, մարդիկ արդեն կանխավճարները մուծել են և չեն հասկանում՝ կարողանալո՞ւ են օգտվել, թե՞ ոչ, տնտեսվարողներն իրենց կողմից չեն հասկանում՝ ինչ մեխանիզմով են վերահսկելու, ինչու պետք է տնտեսվարողը պետության որոշումների վերահսկող հանդիսանա: Տրամաբանությունը խախտված է՝ վերահսկող մարմինները պետք է վերահսկեն, կատարող մարմինները՝ կատարեն»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Աշոտ Բարսեղյանը նկատեց՝ առողջապահության նախարարը հայտարարում է, թե ամեն ինչ նորմալ է, 1 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել. «Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք հավելյալ սահմանափակումներ մտցնում: Տիկին Ավանեսյանի երկրորդ հայտարարությունը ավելի տարակուսելի էր, ասում է՝ ես վստահ եմ, որ տնտեսական բացասական էֆեկտ չի լինելու: Ես ուղիղ հակադարձում եմ՝ եթե տիկինը այդքան վստահ է, ապա ի՞նչն է խանգարում հենց հաջորդ կառավարության նիստին բարձրացնել փոխհատուցումների հարցը: Այսինքն՝ եթե պետությունը՝ ի դեմս առողջապահության նախարարի, վստահ է, որ տնտեսական, սոցիալական էֆեկտ չի լինելու… այսինքն՝ իրենք վստահ չեն առողջապահական էֆեկտի վրա, վստահ չեն զոհերի քանակի վրա, բայց վստահ են, որ տնտեսական բացասական էֆեկտ չի լինելու, ես տրամաբանությունը շարունակեմ՝ պետք է հաջորդ առավոտը կառավարության նիստի ժամանակ բարձրացնել սոցիալական և տնտեսական երաշխիքների հարցը»:

Նա ընդգծեց՝ չի կարող պետության մի մարմին ընդունել որոշում, որը չպարունակի պատասխանատվություն. «Չի կարելի ընդունել մի որոշում և ասել՝ գիտե՞ք ինչ, մենք վստահ ենք, որ ոչ մի վատ բան սրա հետևանքով չի լինի: Իսկ եթե սոցիալական պայթյուն լինի, պետությունը, որը գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ, ի՞նչ պետք է անի: Նորից փոխառություններ վերցնի՝ մի քանի տասնյակ հազար նոր թշվառների և սոցիալապես անապահովների խավը համալրածներին թոշակներ բաժանի՞: Ինչո՞ւ, եթե դա կարող է անել բիզնեսը՝ վճարելով աշխատավարձեր»:

Ինչ վերաբերում է հանրային սննդի ոլորտի խնդիրներին, Աշոտ Բարսեղյանը նշեց, որ անվտանգային խնդիրների պատճառով ՀՀ-ն լքել է միայն 10-15 հազար երիտասարդ մասնագետ՝ մատուցողներ, բարմեններ, մենեջերներ, հյուրընկալներ, խոհարարներ.

«Մարդիկ բացահայտ ասում են՝ երկրի անվտանգային խնդիրներից ելնելով՝ իրենք լքում են Հայաստանը: Այս տարի արդեն մոտ 200 տնտեսվարող փակվել է, վերջին եռամսյակում 3-րդ տասնյակ ռեստորաններն են փակվում: Հաշվի առնելով, որ մենք ունենք 2500 ռեստորան, մենք խոսում ենք 10 տոկոսի մասին: Եթե բնագավառի 10 տոկոսը փակվում է, ապա սա շատ զգալի ազդակ է, որ բնագավառում ինչ-որ մի բան այն չէ: Սա պետք է գրավի պետության ուշադրությունը: Ցավոք, մեր միակ և հաջողված համագործակցության փորձը պետության հետ շրջանառության հարկի անցնելու փորձն է եղել: Դրանից հետո մենք պետության հետ համագործակցության փորձ չունենք, երևի կառավարության կողմից արգելված է այդ վատ նորությունները հայտնելը, բայց ես պետք է այդ վատ նորությունները հայտնեմ. 2021 թվականի գնաճը պարենային ապրանքների հասել է 25 տոկոսի, մեր շրջանառությունը նվազել է, մարդկանց գնողունակությունը նվազել է, տնային տնտեսությունների տնօրինելի եկամուտները նվազել են, մարդիկ ավելի քիչ են ծախսում կենսական կարիքներից զատ գումարներ, և այս ամենը համադրելով մեր պետական պարտքի կտրուկ աճի հետ՝ կտեսնենք, որ իրականում ՀՀ տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ»:

Դիտարկմանը՝ Խաչատուր Սուքիասյանն այլ բան էր ասում, ասում էր՝ գնացեք, տեսեք, թե կենտրոնի սրճարաններն ու ռեստորաններն ինչ լիքն են, նա արձագանքեց. «Գնացեք՝ տեսեք՝ Խաչատուր Սուքիասյանի բիզնեսները պետական գնումներում ինչքան լավ ծաղկում են ապրում: Գնալ տեսնելով որ լիներ՝ գնացեք՝ տեսեք, թե պետական պաշտոնյաները իրենց հակասական աշխատանքի արդյունքների շնորհիվ ինչ աստիճանի պարգևավճարներ են ստանում: Եթե պետական պաշտոնյա ես, պետք է խոսես փաստերով, թվերով, չես կարող խոսել զգայականով՝ տեսեք՝ ինչ լավ եղանակ է: Պարոն Խաչատուր Սուքիասյանը բիզնեսմեն է, կոչ եմ անում՝ զբաղվի բիզնեսով, ինչպես մենք ենք զբաղվում բիզնեսով և չենք զբաղվում առողջապահությամբ, պետական գնումներով, իրենց պարգևավճարներով»:

Այս խորագրի վերջին նյութերը