Կարծիք

11.12.2021 11:58


ԼԱՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԸ, ստացվող ԲՈԹԵՐՆ ու ՎՀՈՒԿՆԵՐԻ նիկոլական նոր որսը ԵՐԿՐՈՒՄ

ԼԱՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԸ, ստացվող ԲՈԹԵՐՆ ու ՎՀՈՒԿՆԵՐԻ նիկոլական նոր որսը ԵՐԿՐՈՒՄ

Վաղ առավոտյան հերթական բոթն է գալիս առաջնագծից։ Այս անգամ թշնամական կրակահերթը չէ։ Ներքին կարգապահությունն է, որն այլևս շարունակական և համատարած բնույթ է կրում։ Սահմանային կահավորանքի բացակայությունը, չդադարող հարձակումները ՀՀ Զինած ուժերի եւ հրամկազմի վրա, բարձրագույն ղեկավարության կողմից իրարամերժ հանձնարարականները, վերջին օրերին ակտիվ քննարկվող գերիների, նրանց դեմ հարուցված քրեական գործերի շքահանդեսը, անցնող ամիսներին, պատերազմից հետո պարտադիր զինվորական ծառայությունից զանգվածային հրաժարականների փորձերն ու դրանց նկատմամբ կրավորական կեցվածքը, հարափոփոխ փոխատեղումները ՀՀ ԶՈՒ բարձրագույն, բարձր կազմերում եւ պաշտպանության նախարարությունում, հանրային տրամադրվածությունն իրենց խորը ծանր դրոշմն են թողնում այս վիճակի վրա։

Կտրուկ գործողությունների անհրաժեշտություն կա, երբ շուտով սկսվելու է զինված ուժերի նոր համալրման փուլը, երբ ծառայությունը թողնելու է պատերազմական բովով անցած զինծառայողների հերթական խմբաքանակը, ու շարքը համալրելու են անփորձները՝ հետները տանելով հանրային տրամադրությունները, վաղվա օրվա նկատմամբ անվստահության բացիլները, անցնող մեկ տարում ծնողների ցույցերի արդյունքում ծառայությունից ազատվելու խայտառակ դրվագները, իշխանության ներկայացուցիչների վարդագույն հայտարարություններն ու առաջնագծի, կացարանների իրական պայմանները, ելակային ելույթներն ու ամուր տղամարդու համար նախատեսված ծառայությունը։

Այսօր առավոտյան զինվորի զոհվելու հերթական բոթը ստացանք։ Իսկ ի՞նչ արեց թիվ մեկ պատասխանատուն։

ՊՆ հաղորդագրությանը զուգահեռ Նիկոլը հերթական ֆեյսբուքյան ստասուսով մեղադրանքների նոր թեզն է շրջանառում, նոր դավաճաններ է փնտրում։

1. հերթական անգամ սեփական կառավարման տապալման, պատերազմի սանձազերծման, ռազմա-քաղաքական խայտառակ, ապաշնորհ կառավարման, թուկունքի պարալիզացման ողջ պատասխանատվությունը բարդում է, ինչ որ մտածածին «շատ լրջորեն մտածված եւ երկար տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի» կազմակերպիչների վրա։

2. ռազմական պարտության համար մեղադրում է առաջնագծում կանգնածներին, նրանց հրամանատարներին, թե չեն կռվել, քանի որ ներշնչվել են, «թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերեւներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» եւ այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի»։

3. հերթական թիրախավորմամբ իրենց քննադատողներին մեղադրում է ինչ-որ անորոշ արտաքին ուժերի հետ համագործակցության մեջ։

Ո՞ր արտաքին ուժերի։ Ո՞ր երկիրն է մեր թշնամին։ Անուն չի տալիս։ Բայց որքան փաստերը ցույց են տալիս՝ Թուրքիան ու Ադրբեջանն են, որ հիմա ուղղակի շարունակում են թշնամական պահվածքը։ Նրանց հետ էլ հո Նիկոլը լավ էլ լեզու է գտել։ Լավ էլ աշխատում է՝ Ալիեւի հետ ամիսներ շարունակ սահմաններն է վերաձեւում, նահանջում, ինչպես երեկ պատահեց՝ արտաքին խոշորագույն հարթակներում չի քննադատում։ Թուրքիայի հետ արդեն հարաբերույթուններն էլ այլ է դարձրել՝ իբր դրական ազդակներ է ստանում, նրա թշնամության մասին արտաքին հարթակներում չի խոսում, Հայոց Ցեղասպանության միջազգայնացման մասին մի բառ չի ասում, երեկ էլ լավ էլ 3+3 ձեւաչափով նրանց հետ նստած էր՝ դուռ բացելով, որ Թուրքիան արդեն Կովկասում լինի տեր ու տիրական։ Ո՞ր արտաքին ուժերի մասին է խոսքը։

Ի՞նչու՞ այս գրությունը վաղ առավոտյան հղացավ ստատուսների սիրահարը։ Պարզապես մի քանի օր շարունակ շրջանառվող գերիներին թշնամի հռչակելու թեզը տապալվեց, սահմանում լարված է, իր խոստացած ապագայի փոխարեն ամեն օր հանրությունը ստանում է զոհի ու թշնամու հարձակման մասին լուր, ամեն օր նոր հարված ու պետք էր գտնել հերթական ներքին թշնամին։ Բայց քանի որ Նիկոլի միտքը մթագնել է, այդ իսկ պատճառով նորություն չի կարողանում գրել, ստիպված է մաշված ու չհաջողված ճանապարհով անցնել։ Դեռ պատերազմի առաջին օրերն էին, հոկտեմբերի 8-ը, երբ իր ու շրջապատի խելագարության հետեւանքով առաջնագծում մեծաթիվ կորուստներ եղան, առաջին անգամ հրապարակային խոսեց ներքին դավաճանությունից։ Հոկտեմբերի 8-ին իր անփոխարինելի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից հանեց ու գրառեց՝ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում»:

Նրան միացավ կինը, իշխանականները։ Հետո պաշտոնապես պարզվեց, որ նման կազմակերպված դավաճանական ցանց եւ գործողություն չի եղել։

Հիմա կրկին Նիկոլը ներքին թշնամու դեմ պայքար է սկսում։ Արտաքինում շարունակում է ձախողումը, ճնշումները մեծանում են, խուսանավումներն այլեւս արդյունք չեն տալիս։ Պետք է ուշադրությունը շեղել։

Պատրաստվեք վհուկների նոր որսի։Իսկ սահմանից ստանում ենք նորանոր բոթեր։ Միայն խնդրենք մեր զինվորին, զինվորականին, նյարդերդ ամուր պահեք։ Նայեք միշտ առաջ, կողքինի հետ թեւ ու թիկունք եղեք։ Աղաչում ենք։ Ձեր թշնամին միայն առջեւում է։ Բոլորիս թշնամին է առջեւում։ Երկրում, խրամատում թշնամի չի կարող լինել։ Հայրենիքի հարց է։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը