Տնտեսական

11.12.2021 15:19


Որոշ առանձին ապրանքների 20-50 տոկոս գնաճ կա, որը մտահոգիչ է. Կարեն Չիլինգարյան (տեսանյութ)

Որոշ առանձին ապրանքների 20-50 տոկոս գնաճ կա, որը մտահոգիչ է. Կարեն Չիլինգարյան (տեսանյութ)

«Արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ այս տարի մոտ 9.5 տոկոս գնաճ կա: Սա՝ ընդհանուր առմամբ, սակայն որոշ առանձին ապրանքների 20-50 տոկոս գնաճ կա, որն ավելի մտահոգիչ է, որովհետև ապրանքներ կան, որ տարին մեկ են գնում, բայց ապրանք կա, որ ամենօրյա օգտագործման համար է, և դա ավելի շատ է հարվածում մեր, առավել ևս՝ անապահով խավի գրպանին»,-ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա փոխանցմամբ՝ պարբերաբար իրենք մշտադիտարկումներ են անցկացնում և օգոստոսից մինչև նոյեմբեր՝ 3 ամսվա կտրվածքով, միայն կաթնամթերքը 10 տոկոսով է թանկանում:

Իմանալ ավելին

«Դա անընդունելի և նոնսենս է: Չենք կարող ասել՝ ձմեռ է, կաթի նվազում է և այլն. այսպես ամառվանից է: Շաքարավազը ևս թանկացել է 3 ամսվա ընթացքում՝ 5-10 տոկոսով, նույնը՝ նաև ձեթը: Բացի դա՝ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, օգտվելով առիթից, խորամանկություն են անում:

Վերցնենք թթվասերը. մի քանի տարի առաջ 500 գրամ էր և արժեր 400 դրամ, հիմա դարձավ 450 դրամ, ու միաժամանակ իջեցրեցին քաշը: Սպառողը ուշադրություն չի դարձնում, որ 400 գրամ է արդեն, ու ավելի շատ գնաճ է ստացվում: ՏՄՊՊՀ-ն չգիտեմ՝ ինչպես անվանեմ, արդեն ՍՊԸ է դարձել: Ըստ իս՝ իրենց ռեյտինգն ընկել է. և չենք լսում, ինչ-որ բան արվե՞լ է, թե՞ ոչ, և մարդկանց մոտ հավատն էլ է կորել: Որովհետև նախկինում ձևական էր, թե ինչ էր, ստուգումներ էին արվում, հետաքննում էին՝ խախտում կա, թե չկա, իսկ հիմա չենք տեսնում այդ բանը. այ դա է ցավալին»,-նշեց Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ թանկացումների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան, օրինակ, տարադրամի փոխարժեքի տատանումները, միջազգային գների բարձրացումը՝ որոշ ապրանքների դեպքում, ինչպես նաև լոգիստիկ խնդիրներ կան:

«Վերջին ժամանակներում Իրանից եկող ապրանքների հետ կապված խնդիրներ կան, որովհետև մեքենաները խոչընդոտի են հանդիպում: Շրջանցիկ ճանապարհների անցանելիության խնդիրը կա: Այդ բոլորն ազդում է, ուղղակի մեր սպառողը կրկնակի տուժում է, քանի որ գնաճ ամեն տեղ կա: Այլ երկրներում սուբսիդավորում կա, թոշակն է բարձրանում և այլն: Եթե սպառողական զամբյուղն արդեն 70.000 դրամ է, իսկ թոշակառուն ստանում է 30.000-40.000 դրամ, արդեն զգացվում է, թե ինչքան մեծ ճեղք կա: Նվազագույն աշխատավարձն էլ 68.000 է: Այսինքն, ինքնըստինքյան աղքատության շեմն է բարձրանում, և եթե նախկինում պաշտոնապես հայտարարում էին, որ 30 տոկոս է, բայց ոչ պաշտոնականով 40 տոկոսի էր հասնում, հիմա երևի կարելի է ասել, որ 50 տոկոսի է հասնում»,-նշեց նա:

Աղբյուրը` 168.am

Այս խորագրի վերջին նյութերը