Քաղաքական

13.12.2021 14:19


Կյանքը ցույց կտա. ՌԴ դեսպանը՝ ԼՂ-ում խաղաղապահների անժամկետ ներկայության մասին

Կյանքը ցույց կտա. ՌԴ դեսպանը՝ ԼՂ-ում խաղաղապահների անժամկետ ներկայության մասին

Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևոր ներդրում է, որպեսզի մարդիկ ապրեն անվտանգության զգացումով: Երևանում «Նոր սերունդ» ծրագրի սաների հետ հոբելյանական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Բանն այն է, որ կողմերի նախնական պայմանավորվածության համաձայն՝ ռուս խաղաղապահները Արցախում հինգ տարով են տեղակայվել։ Սակայն վերջերս Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել էր, որ ռուսական զորակազմի ներկայության անժամկետ անհրաժեշտություն կա։

«Կան պայմանավորվածություններ, կա մեր խաղաղապահ զորախմբի գործունեությունը, որն իսկապես կարևոր ներդրում է, որպեսզի մարդիկ այս տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացումով և ապագայի տեսլականով։ Այս բարդ իրավիճակում սա իսկապես լուրջ և կարևոր գործոն է խաղաղության համար»,-նշել է ՌԴ դեսպանը։

Խոսելով կողմերի հետագա գործողությունների և ԼՂ–ում խաղաղապահների անժամկետ ներկայության հնարավորության մասին` Կոպիրկինը նշեց. «Կյանքը ցույց կտա»:

***

«3+3» ձևաչափը պետք է դրական միտում ավելացնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններում, Երևանում «Նոր սերունդ» ծրագրի սաների հետ հոբելյանական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված «3+3» հարթակի առաջին նիստն անցկացվել է Մոսկվայում դեկտեմբերի 10-ին։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։

ՌԴ դիվանագետը կարծում է, որ ԱԳՆ–ի հայտարարությունը բավական հասկանալի արտացոլում է Ռուսաստանի վերաբերմունքը տարածաշրջանային այդ ձևաչափի նկատմամբ որպես բոլոր երկրներին հուզող հարցերի քննարկման հնարավորություն։

«Այս ձևաչափի արժեքը երկխոսության հնարավորություն տալու մեջ է, այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այսինքն` ձևաչափը պետք է դրական միտում մտցնի այդ երկրների փոխհարաբերություններում»,–ասաց դեսպանը։

Դիվանագետը հավելեց, որ այս ձևաչափը նաև լրացուցիչ ուղղություն և հարթակ է հայ–ռուսական համագործակցության համար։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող հարցերի վրա։ Այդ թվում` վստահության բարձրացման միջոցների, առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դիմակայման վրա։ 5 երկրների ներկայացուցիչներ շահագրգռվածություն են հայտնել հարթակին աշխատանքներին Վրաստանի միանալու առնչությամբ` նշելով, որ նրանց համար «դուռը» շարունակում է բաց մնալ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը