Քաղաքական

13.07.2011 16:34


ՀԱԿ–իշխանություն երկխոսության պատվիրակները որոշում կայացնողներ չեն, այլ «վերևներին» զեկուցողներ

ՀԱԿ–իշխանություն երկխոսության պատվիրակները որոշում կայացնողներ չեն, այլ «վերևներին» զեկուցողներ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ մեր երկիրը խրթին խնդիրների լուծման առջև է կանգնած, որը կարելի է քննարկել նաև ՀԱԿ–ի կազմած պատվիրակության հետ։ ՀԺԿ քարտուղար, ԱՀԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն էլ հայտարարել, է թե համամիտ չէ արտահայտված մտքին, քանի որ ՀԱԿ–ը պատվիրակություն է կազմել մեկ խնդիր քննարկելու համար՝ արտահերթ ընտրությունների անցկացումը։

Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ ինքը չափազանց դժվար է պատկերացնում արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումները։

–Դասական օրինակն այսպիսին է՝ ընդդիմադիր կողմն արտահերթ ընտրություն է ուզում՝ գնացե՛ք ընտրությունների, իսկ իշխանությունները կարծես թե դա հիմա չեն ուզում, բայց ձեզ ո՞վ  է խանգարում, որ դուք գնաք արտահերթ ընտրությունների. իշխանությունից ուզում եք, որ իշխանությունը ձե՞զ տա,–հարցրել է նա։

Ֆելիքս Խաչատրյանն էլ պատասխանել է, որ իրենք չեն ուզում վերցնել իշխանությունը։

Մենք ուզում ենք իշխանությունը տալ ժողովրդին,ժողովուրդն ընտրի։ Թող նա նորից ընտրի այն իշխանությանը, որը հիմա կա,–ասել  է նա։

Դա շատ  հուզումնալից է,–հեգնել է Վարդան Բոստանջյանը։

Է՜, հուզումնալից է՝ հուզվե՛ք, ի՞նչ ասեմ,–հեգնել է Ֆելիքս Խաչատրյանը։

Լրագրողները նրան հարց են հղել՝ ի՞նչ կասի այն մասին, որ ՀԱԿ անդամներն անընդհատ շեշտում են, որ արտահերթ ընտրությունների հարցը միակն է, սակայն հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր, որ երկխոսության ընթացքում կլինեն առաջարկներ, և օրակարգը կարող է փոփոխվել։ Հարցին նախ արձագանքել է Վարդան Բոստանջյանը։

Դե որովհետև Լևոն Տեր–Պետրոսյանը համապատասխան բարձր մակարդակ ունի ընդամենը,–ասել է նա։

–Շատ կներե՛ք, բայց իմ ասածը չի հակասում Լևոն Տեր–Պետրոսյանի ասածին։ Ես էլի եմ ասել և հիմա էլ եմ կրկնում, որ արտահերթ ընտրությունները ենթադրում են նաև ա՛յլ հարցերի քննարկումներ, որոնք կապված  են ընտրությունների կազմակերպման հետ,–հակադարձել է Ֆելիքս Խաչատրյանը։

Լրագրողները հարցադրում են արել՝ բայց չէ՞ որ արտահերթ ընտրությունների անցկացման մասին քննարկումն օրակարգային փոփոխություն չի ենթադրում։

Իա՜, դո՞ւք եք որոշում օրակարգը,–վրա է տվել լրագրողին Ֆելիքս Խաչատրյանը, որին ի պատասխան՝ դիտարկում է հնչել, թե դա Լևոն Տեր–Պետրոսյանն է ասել, այլ  ոչ թե լրագրողը։

Լևոն Տեր–Պետրոսյանն այդպիսի բան չի ասել,–հայտարարել է նա։

Երբ լրագրողները փաստել են, որ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը բառացիորեն ասել էր, որ իշխանություններն էլ կարող են ներկայացնել իրե՛նց առաջարկներն, ու օրակարգային փոփոխություն կլինի, նա հայտարարել է, թե, այո՛, այդպիսի  բան կա, բայց միայն արտահերթ ընտրությունների հարցը լուծելուց հետո։

Վարդան Բոստանջյանն էլ իր հերթին հայտարարել է, որ պատվիրակությունները որոշում կայացնողներ չեն, այլ հարցերը լսողներ և «վերևներին» փոխանցողներ։

Եթե դուք կարծում էիք, որ մենք կամ պարոն Խաչատրյանենց պատվիրակությունը որոշում կարող ենք կայացնել...ես կարծում եմ, որ մենք պետական կառույցներ չենք, որ  կարողանանք որոշումներ կայացնել,–ասել է Վարդան Բոստանջյանը։

Ֆելիքս Խաչատրյանն էլ համաձայնվել է նրա հետ։

–Ես կարծում եմ, որ շատ  պարզ մեխանիզմ գոյություն ունի։ Այո՛, իհա՛րկե, մեր հինգ հոգին և իշխանության վեց հոգին որոշումներ կայացնողներ չեն, բայց մեր կապը մեր ղեկավարության հետ պետք է լինի այնքան օպերատիվ, այնքան գործնական, որ տեղում հարցերը լուծեն, թե չէ որ այսպես շարունակենք, դա կտևի... մյուս ընտրություններն էլ կանցնեն, մենք դեռ արտահերթ ընտրություններ կուզենք,–ասել է նա։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը