Քաղաքական

16.12.2021 09:39


Նիկոլը իրավապահների ձեռքերով անցնում է էժանագին տեռորի․ «Փաստ»

Նիկոլը իրավապահների ձեռքերով անցնում է էժանագին տեռորի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթն իր նախորդ համարում արդեն տեղեկացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, բոլոր գործիքներն օգտագործում են՝ ազդելու ավագանիների անդամների ու համայնքապետի թեկնածուների վրա այն համայնքներում, որտեղ առավել հավանական է ոչ իշխանական ուժի թեկնածուի ընտրությունը։ Այդպիսի համայնքների թվում է նաև Թալինը, որն այս օրերին իշխանություններն իսկական «մարտադաշտի» են վերածել։ Նախ՝ հիշեցնենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամներից 3-ին են բերման ենթարկել:

Իշխանությունները լուրջ «աշխատանքներ» են տարել քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի հետ, որն այս անգամ չի սատարել իշխող ուժին, թեպետ համարվում է ընդգծված «նիկոլական»։ Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները նրան սպառնացել են, որ կկալանավորեն և կհանձնեն ՌԴ իրավապահներին, եթե չնպաստի, որ ընտրվի ՔՊ թեկնածուն:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, վերջին մի քանի օրերին Թալինում են գտնվել իրավապահ համակարգի բազմաթիվ ուժեր, որպեսզի տարբեր անձանց վրա ճնշումներով տեղում «լուծեն» թալինյան թնջուկը, այն է՝ անպայման համայնքապետ դարձնել ՔՊ-ի թեկնածուին։

Երեկ էլ պարզվեց, որ ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով վերստին ստանձնելու էր համայնքի ղեկավարի պաշտոնը: Մենք տեղեկություններ ունենք, որ քրեական գործեր են կարվելու մի շարք այլ անձանց նկատմամբ ևս:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը նորից անցել է իր սիրելի գործին՝ իրավապահների միջոցով «փակել» է տալիս բոլոր նրանց, ովքեր «խանգարում» են ՔՊ-ին՝ «զավթել» պետական բոլոր կառույցները: Ընդ որում, ինչպես միշտ, այդ ամենը արվում է՝ թքած ունենալով օրենքի ու օրինականության վրա, բացառապես մեկ անձի կամքով: Դե, իսկ այսպես կոչված, «իրավապաշտպանները», որոնք ժամանակին ամենաչնչին առիթից աշխարհացունց աղմուկ կբարձրացնեին, պարզապես անհետացել են»:

Այս խորագրի վերջին նյութերը