Քաղաքական

16.12.2021 10:06


Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է գերիներից

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է գերիներից

Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հանդիպումից առաջ հայ հասարակությունն ապրում է տագնապի սպասումով, մտահոգությամբ, որ նա կարող է ստորագրել հերթական հակահայկական փաստաթուղթը։ Եվ ամեն անգամ, երբ դա տեղի չի ունենում, մարդիկ թեթևացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լավ պրծանք։ Հենց այդպիսի սպասումներ էին Հայաստանում ձևավորվել անցած ամիս Սոչիում և նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպումներից առաջ։

Այն, որ դրանց արդյունքներով շատ ցցուն հակահայկական փաստաթղթեր չստորագրվեցին, իհարկե, դրական է։ Բայց դրանից հանրային մտահոգությունը չի նվազում, և դա ունի խորքային քաղաքական ու հոգեբանական պատճառներ ու կրկին հանգում է այն պարզագույն իրողությանը, որ պարտված ղեկավարը չի կարող երկրի շահերը սպասարկել այնպես ու այնքան, որքան դա հնարավոր կլիներ կամայական մեկ այլ ղեկավարի պարագայում։

Նիկոլ Փաշինյանը դա չի կարող անել օբյեկտիվորեն, կյանքի ու քաղաքականության կանոններով, թեև տեղ ունեն նաև նրա զուտ անձնային որակները։ Ահա այսպիսի ղեկավար ունեցող պետության հասարակությունն ապրում է ստեղծված իրավիճակից ոչ թե առավելագույն օգուտներ ստանալու, այլ նվազագույն կորուստներով դուրս գալու ակնկալիքով, որը ոչ միայն չի կարող պետության համար զարգացման նախադրյալներ ապահովել, այլև ինքնին պետությունը մաշող, քայքայող ռեժիմ է։ Եվ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ՝ գործում է ոչ թե առավելագույն օգուտ քաղելու, այլ նվազագույն վնաս պատճառելու սկզբունքով՝ հանդիպումից հանդիպում երկրորդական պլան մղելով Հայաստանի համար թիվ մեկ կարևորություն ունեցող հիմնախնդիրը՝ գերիների հայրենադարձման հարցը։

Գերիների մասին այդ հանդիպումներում խոսվում է խիստ ընդհանրական ձևակերպումներով՝ «հումանիտար հարցերի» մասին պարբերությունում։ Առանց որևէ կոնկրետության, առանց հասցեականության ու պարտավորությունների։ Եվ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն իրեն չխնայելով՝ ամեն ինչ անում է գերիներին վերադարձնելու համար, բայց չի ստացվում։ Ո՛չ։ Ճիշտ հակառակը՝ նա Հայաստանում տեղեկատվական-քարոզչական գրոհներ է կազմակերպում գերիների դեմ, նրանց հայտարարում է հանցագործներ, կալանավորում է նոր վերադարձած գերիներին և մեկնում որևէ մայրաքաղաք՝ արդեն ոչ թե գերիներին վերադարձնելու անխախտ մղումով, այլ իր բնորոշմամբ՝ հանցագործներին արտահանձնելու հերթապահ ցանկությամբ։

Ըստ ամենայնի, նա արդեն իսկ ներքուստ հրաժարվել է գերիների վերադարձի պահանջից, որը նրա իրական նպատակներին ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է։ Իսկ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում են կոմունիկացիաները, ճանապարհների բացումը, առևտրաշրջանառությունը, ամեն ինչ, որ կապված է փողի հետ։

Մարդիկ՝ գերիները, այլևս դուրս են նրա հետաքրքրությունների շրջանակներից, քանի որ առաջիկայում ընտրություններ նախատեսված չեն, հետևաբար՝ չկա գերիների հարազատների ձայները ստանալու խնդիր։ Այն դեպքում, երբ որևէ նորմալ երկրի քիչ թե շատ նորմալ ղեկավար կհրաժարվեր անգամ թշնամի երկրի ղեկավարի հետ նույն սեղանի շուրջ նստել, մինչև վերադարձված չլիներ վերջին գերին։

Բայց քանի որ ո՛չ Հայաստանն է նորմալ երկիր, ո՛չ Նիկոլ Փաշինյանը՝ նորմալ ղեկավար, նա բաց չի թողնում Ալիևի հետ գյալաջիի որևէ հնարավորություն՝ առանց բարդույթների քննարկելով բոլոր ադրբեջանաշահ օրակարգերը և սահմանափակվելով գերիների մասին ընդհանուր ձևակերպումներով։

Իսկ մինչ այդ Հայաստանում թեթևացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լավ պրծանք։

Հարություն Ավետիսյան

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը