Քաղաքական

18.12.2021 07:26


Փաշինյանը պատրաստվում է հաջորդ տարի Սահմանադրությունը փոխել և ընտրություններով վերարտադրվել. քաղաքագետ

Փաշինյանը պատրաստվում է հաջորդ տարի Սահմանադրությունը փոխել և ընտրություններով վերարտադրվել. քաղաքագետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն այս պահին սկսելը փոխկապակցված է նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ տարի Սահմանադրությունը փոխել, անցում կատարել նախագահական համակարգի և նախագահական ընտրությունների գնալ։

«Նա պատրաստվում է ընտրություններով վերարտադրվել։ Քանի որ վստահ չէ, որ բոլորը կարող են իրեն աջակցել, ուզում է, որ ՏԻՄ համակարգում «ուսապարկեր» լինեն։ Եթե քաղաքապետին չփոխի, հետագայում չի կարողանա Երևանում ընտրական համակարգը լիարժեք օգտագործել իր օգտին։ Փաստացի նա հիմա ուզում է քաղաքապետ դնել մի «ուսապարկի», որին ոչ ոք չի ճանաչում, որ կարողանա Երևանի ռեսուրսներն էլ իր օգտին ծառայեցնել ու ռեալիզացնի իր նպատակը»,-նշեց Երվանդ Բոզոյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ցանկացած հեղափոխությունից հետո միշտ գալիս է իրավիճակ, երբ հեղափոխությունն անհաջողություն է կրում, և հեղափոխական թիմի մեջ ի հայտ են գալիս մարդիկ, որոնք փորձում են հետևություններ անել։

«Հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Հայկ Մարությանն այն մարդն էր, որն ասաց, թե հասարակությունը պետք է բաժանել սևերի ու սպիտակների։ Չնայած համոզված ենք, որ դա իրականում Նիկոլ Փաշինյանի գաղափարն է, բայց Հայկ Մարությանի կողմից հնչեց այդ արտահայտությունը։ Նա հայտարարեց և ինքը դարձավ այդ սևերի ու սպիտակների զոհը։ Հիմա ինքն իրեն սև՞, թե՞ սպիտակ է համարում»,-նշեց քաղաքագետը։

Սևերի ու սպիտակների բաժանումը, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, հղի էր բացասական հետևանքներով, որոնցից մեկն էլ այն եղավ, որ այսպես կոչված «սպիտակները», որոնք կատարում են այն, ինչ հանձնարարում են, մտել են պետական համակարգ, իսկ մարդիկ, որոնք հասկացան՝ ինչ հետևանքների կարող է բերել այս ամենը, դարձան իրենց իսկ կողմից հռչակված արժեքների զոհը։

Քաղաքագետի խոսքով Նիկոլ Փաշինյանը բոլոր վայրերում ուզում է իրենց մարդկանց դնել, որ կարողանա վերարտադրվել։ Ընդ որում՝ այդ նպատակն է հետապնդում նաև ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ իրականացնելը։

«Փորձում է վախի մթնոլորտ ստեղծել տեղական ինքնակառավարման համակարգում, որ բոլորն իրենից վախենան, և ինքը կարողանա իրենց ուսապարկերի միջոցով վերարտադրվել ու վարչական ռեսուրսներով ընտրություններում նորից հաղթանակ տանել»,-նշեց Երվանդ Բոզոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը