Քաղաքական

25.12.2021 16:07


ՍԴ-ն չի որոշում, թե ով պետք է վճարի թեստավորման համար․ եթե կա նման միջոցառում, ապա այն պետք է իրականացվի պետպատվերի շրջանակում․ սահմանադրագետ

ՍԴ-ն չի որոշում, թե ով պետք է վճարի թեստավորման համար․ եթե կա նման միջոցառում, ապա այն պետք է իրականացվի պետպատվերի շրջանակում․ սահմանադրագետ

Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման կամ սեփական միջոցների հաշվին թեստավորման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի՝ «սեփական միջոցների հաշվին թեստավորման» դրույթի վերաբերյալ ՍԴ որոշման երկակի մեկնաբանման շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանի հետ, ում գնահատմամբ՝ ՍԴ-ն չի որոշում, թե ով պետք է վճարի թեստավորման համար․ ամբողջ իմաստն այն է, որ եթե կա նման միջոցառում, ապա այն պետք է իրականացվի պետպատվերի շրջանակներում։

«Երբ քաղաքացիները պարտականություն են կատարում, զինակոչիկներին զորակոչից առաջ պարտադիր բուժզննում են անցկացնում, և դա պետպատվերի շրջանակներում է։ Որքան էլ թանկ արժենա, պետպատվերով է իրականացվում և առանց հերթի։ Տեսե՞լ եք ինչ-որ զորակոչիկ գնա, իր հաշվին ստուգվի։ Դա պետությունն է կազմակերպում։ Հիմա, եթե պարտադիր պահանջում են ՊՇՌ թեստ, ուրեմն պետությունն ինչքան էլ փորձի ասել, որ մասնավոր կազմակերպություններն են իրականացնում, ուրեմն, թող վճարեն մասնավոր կազմակերպություններին, նրանք էլ իրականացնեն պետպատվերով»,-նշել է Այվազյանը։

Դիտարկմանը, որ և՛ կառավարությունը, և՛ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկան՝ ֆինանսական բեռը, կարծես թե, իրենց վրայից «գցելով»՝ Վարդան Այվազյանն արձագանքել է՝ ՍԴ-ն որոշում է՝ տվյալ նորմատիվ իրավական ակտը Սահմանադրությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ և որոշել է, որ հակասում է, իսկ թե ով պետք է վճարի՝ ՍԴ-ի խնդիրը չէ։

«Թող պետությունն ինքը որոշի, թե այդ խնդիրն ինչպես է լուծվում և այնպիսի նոր իրավական ակտ ընդունի, որը Սահմանադրությանը չհակասի»,-ընդգծել է Այվազյանը։

Ինչ վերաբերում է ՊՇՌ թեստերի համար արդեն նախկինում ծախսված գումարներին և նյութական վնասի փոխհատուցման մեխանիզմներին, Այվազյանն ասել է՝ նյութական վնասի փոխհատուցման մեխանիզմներ չեն կարող լինել, իսկ եթե տեսականորեն լինեն էլ, ապա պետությունը պետք է ապահովի այդ մեխանիզմը, որովհետև պետության որոշման համաձայն՝ մարդիկ դիմել են տարբեր կազմակերպությունների, վճարել և անցել են ՊՇՌ թեստավորումը։

«Եթե նման վնասի խնդիր կա, պետք է կառավարությունը հատուցի, ոչ թե մասնավոր կառույցները, որոնք այդ ՊՇՌ թեստավորումն անցկացրել են։ Դա պետության խնդիրն է»,- ասել է սահմանադրագետը։

Հարցին՝ եթե պետությունը, այդուհանդերձ, չփոխհատուցի, դա ինչպե՞ս կանդրադառնա գործատուների վրա, Այվազյանը պատասխանել է, որ այս պահին ոչ մի գործատու ՊՇՌ թեստի համար վճարելու պարտականություն չունի, գործատուի պարտականություններն էլ Աշխատանքային օրենսգրքով ամրագրված են։ Հետագա անելիքը պետք է որոշի կառավարությունը՝ այնպես, որ գործող օրենքներին և Սահմանադրությանը չհակասի։

Այս խորագրի վերջին նյութերը