Կարծիք

31.12.2021 18:51


Այսօր վատնում ենք Արամ Մանուկյանի ժառանգած Հայաստանը, քանզի չեղավ 2-րդ Արամ Մանուկյանը, որը վճռական կլիներ, կհեռացներ պարտության պատասխանատու իշխանությանը․ Ավետիք Իշխանյան

Այսօր վատնում ենք Արամ Մանուկյանի ժառանգած Հայաստանը, քանզի չեղավ 2-րդ Արամ Մանուկյանը, որը վճռական կլիներ, կհեռացներ պարտության պատասխանատու իշխանությանը․ Ավետիք Իշխանյան

Ես հիասթափված եմ մեր հասարակությունից, մեր ժողովրդի մասին, երբ ժամանակին կարդում էի Րաֆֆու, Թումանյանի, Տերյանի հոդվածները, միշտ զարմանում էի՝ կարծելով, թե հպատակ, որևէ բան չնախաձեռնող, խեղճուկրակ ժողովրդի մասին տողերը հեքիաթներ են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով պատերազմից հետո անցնող տարում հասարակության տրամադրություններին։

«Զարմանալիորեն, անկախ Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովուրդը, հասարակությունը վերադարձավ իր՝ 19-րդ դարի վիճակին՝ հատկապես վերջին 3 տարում։ Ստացվում է՝ երբ ՀՀ-ն անկախ չէր, խորհրդային քարոզչության ազդեցության տակ էր, ազգային ոգին շատ ավելի բարձր էր, քան հետագայում անկախ ՀՀ-ում։ Ինձ համար մղձավանջային ու շոկային էր, երբ մեր հայրենիքի մի մասը կորցնելուց, այդքան զոհեր տալուց հետո այդ նույն անտարբերությունը շարունակվում է։ Ամենամեծ զարմանքն ու հիասթափությունն էլ եղավ, երբ այդ պարտությունից հետո լուրջ, համաժողովրդական ընդվզում չսկսվեց, ավելին՝ թեև բազմաթիվ կեղծիքներով, այնուամենայնիվ, ընտրողների շուրջ 30 տոկոսը հունիսի 20-ին ձայն տվեց պարտության պատասխանատուին»,-ասաց Իշխանյանը։

Ըստ հրապարակախոսի՝ պարտության պատասխանատուին պաշտպանող, իրենց փորձագետներ հայտարարող անձինք օտարերկրյա գործակալներ են, որոնց քարոզչությունն ազդեցություն ունեցավ հասարակության վրա, և ստացվեց, որ հասարակության բավականին մեծ շերտի համար պետականությունը զրոյական արժեք ուներ։ «Իրենց վերլուծաբան համարողների համար կարևորը փողն է և անձնական բարեկեցությունը, իսկ ժողովրդի համար հին պատմությունն էր՝ «ով՝ էշ, մենք՝ փալան»։ Այդ շերտը բոլորովին արժանապատվություն չունի»,-ասաց նա։

Ըստ Իշխանյանի՝ այժմ որոշակիորեն փոխվել են հասարակության տրամադրությունները, հիասթափություն է առկա, քանի որ, հրապարակախոսի դիտարկմամբ, այդ նույն ժողովուրդը տեսավ, որ Արցախը հանձնելուց հետո լավ չի ապրում, և թշնամու ագրեսիան շարունակվում է:

«Ես հույս չեմ դնում հասարակության վրա, որովհետև այդ հասարակության մի մասը մտածում է արտագաղթելու մասին, որը նույն հանձնվելն է, մյուս մասի համար էլ բացարձակապես կարևոր չէ, որ թուրքն իր նախնիներին կոտորել է, մտածում է՝ նրա ռեստորանում մատուցող կաշխատի։ Նրանց հետաքրքրում է նյութական շահը։ Հասարակության ընդվզմանն սպասելը, իմ կարծիքով, անիմաստ զբաղմունք է։ Միայն վտանգը գիտակցողները պետք է համախմբվեն․ փոքրամասնություն են, բայց վճռական փոքրամասնությունը կարող է իրավիճակը փոխել»,-ասաց Իշխանյանը։

Հրապարակախոսն ընդգծեց՝ հայ ժողովրդի մեջ հատկապես ճգնաժամային, ճակատագրական պահին՝ 1918-ի մայիսին, եղել է անհատ, որը դեմ է գնացել ժողովրդի հպատակ հոգուն և ստեղծել Հայաստան։

«Շատերը չգիտեն, բայց այն ժամանակ ժողովուրդը չէր ուզում կռվել թուրքերի դեմ, ուզում էր նրանց հպատակը լինել, մի մասն էլ, որը չէր համակերպվում, մտածում էր ոչ թե պայքարելու, այլ փախչելու մասին, զինվորականները համարում էն, որ անհնար է թուրքի դեմ կռվել Արարատյան դաշտում, և միայն մեկ մարդ՝ Արամ Մանուկյանն իր նվիրյալության շնորհիվ կազմակերպեց Սարդարապատի ճակատամարտը՝ ի դեպ, բավական դաժան վարվելով այն մարդկանց հետ, որոնք կողմ էին թուրքերի հետ բարեկամությանն ու դեմ էին պատերազմին։ Եվ հաղթեց, հաղթեց Հայաստանը։ Եթե նա չլիներ, մեր հոգեբանությամբ մենք պետություն չէինք ունենա։ Ցավոք, այսօր վատնում ենք Արամ Մանուկյանի թողած ժառանգություն Հայաստանը, որովհետև չեղավ երկրորդ Արամ Մանուկյանը, որը վճռականություն կցուցաբերեր, կհեռացներ պարտության պատասխանատու իշխանությանը, և Հայաստանը կվերականգնվեր»,-ասաց Իշխանյանը, ապա հավելեց․

«Թումանյանն ասում էր՝ «օրեր են, կմթնեն, անց կկենան»․ նոյեմբերի 9-ից հետո ինձ համար օրերը մթնում, բայց անց չեն կենում, ինձ համար Նոր տարի գոյություն չունի»։

Այս խորագրի վերջին նյութերը