Քաղաքական

15.07.2011 14:44


ՀՀԿ–ական պատգամավորը ներողություն է խնդրում հնարավոր ծաղրուծանակի համար

ՀՀԿ–ական պատգամավորը ներողություն է խնդրում հնարավոր ծաղրուծանակի համար

ՀՀԿ–ական Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–ի հետ երկխոսելու համար իշխանության ստեղծած աշխատանքային խմբին՝ ասել է, որ իրենք նախապես ոչինչ էլ չեն իմանում։

–Գործընթացներն ընթանում են, և ամեն ինչ ընդհանրապես պետք է շարժման և դինամիկայի մեջ տեսնենք,–ասել է Արտակ Դավթյանը։

«7օր»–ի հարցին՝ եթե նախապես չգիտեին, որ պատվիրակություն չեն կազմելու, և եթե իրոք ՀՀԿ–ականների համար պատվիրակություն կազմելն անակնկալ չի եղել, ինչո՞ւ էին նրանք միահամուռ բացառում ՀԱԿ–ի հետ երկխոսելու համար պատվիրակություն ստեղծելը, դրա հնարավորությունը ծաղրուծանակի էին ենթարկում և տունտունիկ անվանում, Ա. Դավթյանը պատասխանել է, որ եթե ինքը երբևէ որևէ մեկին ծաղրուծանակի է ենթարկել, նրանից ներողություն է խնդրում, բայց չի կարծում, որ երբևէ նման կերպ է իրեն դրսևորել։

–Կամքի ազատությունը կամ ազատ խոսքի իրավունքը ենթադրում են, որ ցանկացած կարծիք կարող ես արտահայտել։

–Բայց Գալուստ Սահակյանը պնդում էր, որ ՀՀԿ–ի՛ անունից է պաշտոնապես հայտարարում՝ ոչ մի պատվիրակություն էլ չի լինելու։

–Կխնդրեմ, որ հարգարժան Գալուստ Սահակյանից ճշտեիք այդ հարցի պատասխանը,–ասել է Ա. Դավթյանը, ինչին ի պատասխան՝ լրագրողները նկատել են, որ Գալուստ Սահակյանն այժմ խուսափում է լրագրողներից, և անգամ նրա բջջային հեռախոսն է անհասանելի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը