Քաղաքական

13.01.2022 09:21


Սեղանին Վարդենիսն է դրված. Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Սեղանին Վարդենիսն է դրված. Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հունվարի 11-ի կեսգիշերին հայտնաբերվել է նաև ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ-ն:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի սուվերեն սահմանների ուղղությամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների մասին, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ներկայացրեց իր տեսակետը սահմանին ռազմական լարվածության պատճառների մասին: Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրելու բոլոր միջոցներով Հայաստանից կորզել առավելագույնը՝ հատկապես հունվարի 14-ին Մոսկվայում կայանալիք հայ-թուրքական հանդիպումից առաջ։

«Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ ունեն եղբայրական փոխօգնության պայմանագիր։ Ըստ այս տանդեմի՝ իրենք լուծված են համարում Արցախի խնդիրը և հիմա իրենց պատկերացումներով լուծում են Հայաստանի խնդիրը։ Ադրբեջանն արցախյան այս վերջին պատերազմից հետո ակտիվ է նաև Հայաստանի սահմաններին և հիմա մաքսիմալն է ցանկանում ստանալ։ Արցախից հետո Վարդենիսն է դրված սեղանին, սեղանին է դրված նաև Սյունիքի խնդիրը, իսկ Հայաստանի ղեկավարությունը խնդիր չի դրել իր առաջ Հայաստանն ազատելու հակառակորդից։ Նիկոլն այսօր լուծում է իր աթոռի և անձնական երաշխավորության հարցը, և, եթե դա կտա իրեն ռուսը՝ կգնա այդ կողմ, կտա թուրքը՝ այն կողմ։ Մի՞թե մեզ համար այս 3.5 տարին ապացույցը չեն այն բանի, որ Հայաստանի այս իշխանությունը Թուրքիայի երազանքն է»,-ասաց Գևորգյանը՝ ընդգծելով, որ եթե Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին դիմելու ձևը Ղազախստանի պարագայում գիտեր, իսկ Հայաստանի սահմաններից թշնամուն վռնդելու դեպքում այդպես էլ չիմացավ, դա գալիս է փաստելու հետևյալը.

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սև թուղթն է, բայց ինձ համար խնդիրն այն է, որ գեներալիտետը, զինվորներն ու հասարակությունը թույլ են տալիս, որ դա շարունակի պղծել»։

Ըստ Գևորգյանի՝ գեներալիտետի ու հասարակության հիշողության բթացմանը զուգահեռ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում են ու աշխատում են ոչ միայն հայերի, այլ նաև ռուս խաղաղապահների դեմ։

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանցիների երեկվա գործողությունների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած պաշտոնական հայտարարությանը, որով գերատեսչությունն առաջարկում է. թե «իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը», Գևորգ Գևորգյանն այսպես մեկնաբանեց.

«Այդ հայելայինը նշանակում է՝ հետ քաշվեք Վրաստան, իսկ ավելի լուրջ. այդ հայտարարությունը վերլուծելիս պետք է հիշել, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, որը մինչև այս պահը չի հերքել, որ ինքը կրկնակի գործակալ է»,-ասաց Գևորգյանը՝ նշելով, որ այս հանգամանքը մեկ անգամ ևս փաստում է՝ Հայաստանի Հանրապետությունն օկուպացված է Հայաստանի դրածո իշխանության կողմից։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը