Քաղաքական

22.01.2022 17:22


«Այս պահի դրությամբ այլընտրանքային ճանապարհն ամբողջովին փակ է». Բարձրավանի գյուղապետ

«Այս պահի դրությամբ այլընտրանքային ճանապարհն ամբողջովին փակ է». Բարձրավանի գյուղապետ

168.amի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն ասել է․

«Այս պահի դրությամբ այլընտրանքային ճանապարհն ամբողջովին փակ է, այն չենք օգտագործում։ Ճիշտ է, այդ ճանապարհը դեռ վերջնական ավարտին չենք հասցրել, բայց ամեն դեպքում եղածն էլ փակ է, չենք օգտվում։ Օգտվում ենք այն ճանապարհից, որն օգտագործում էինք նախկինում՝ Գորիս-Կապան ճանապարհից։

Սահմանապահ զորքի ավտոբուսը շաբաթը 2 անգամ ռեժիմով գալիս է Բարձրավան, ժողովրդին տանում-բերում է։ Բայց ասեմ, որ Շուռնուխի հատվածից մեր ճանապարհը միանում է ասֆալտապատ ճանապարհին, այնտեղից իջնում ենք Որոտան, որտեղից կամուրջ չենք հասնում, այսինքն՝ այն հատված, որտեղ թշնամու մաքսակետերն են, Խոտ գյուղի ճանապարհով հասնում ենք Գորիս»,- նշեց Օնիկ Ավագյանը։

Նրա խոսքով՝ ինչպես նախկինում է մշտապես ասել՝ մարդկանց ճանապարհը մի քանի անգամ երկարում է, և քանի որ ճանապարհները դժվարանցանելի են, վառելիքի ծախսը նույնպես ավելանում է։

«Թույլ քամի է լինում, բոլոր ճանապարհները փակվում են, ոչ բոլոր տեսակի մեքենաներն են կարողանում երթևեկել։ Աստված չանի, եթե գյուղից որևէ մեկը շտապօգնության կարիք ունենա, կփորձենք ամենագնացներով մի բան անել։ Մարզպետարանին ու պատկան մարմիններին տեղյակ ենք պահել, որպեսզի այս ճանապարհների հարցերը լուծի։ Հիմա այս պայմաններում մարդիկ նույնիսկ «Ուրալով» են գնում Գորիս, ինչ իրենց պետք է, առնում-բերում են։ Դե, հացն էլ ամենօրյա ռեժիմով ամենագնացները կարողանում են հասցնել գյուղ»,-շեշտեց Օնիկ Ավագյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի թշնամին մի քանի անգամ դիմել է սադրանքի և մի քանի վայրերից անասուններ է գողացել ու չի վերադարձրել։

Հիշեցնենք, որ Սյունիքում այս իրավիճակը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի որոշման արդյունքում, ըստ որի՝ հայկական զորքը մի քանի կիլոմետր հետ է քաշվել։ Այս մասին հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը