Կարծիք

04.02.2022 10:46


Հայաստանում սելիտրայի մեկ պարկի գինը 6-7,000-ից հասել է 20-21,000-ի

Հայաստանում սելիտրայի մեկ պարկի գինը 6-7,000-ից հասել է 20-21,000-ի

ՀԱՑԻ ԽՆԴԻՐ

Որպեսզի գարնանացանը չխափանվի, Ռուսաստանը երկու ամսով արգելել է ամոնիակային սելիտրայի արտահանումը։ 2020-ի ամռանն արգելել էր հացահատիկի արտահանումը (բացի ԱՊՀ երկրներ)։ Հայտնի չէ պարենի շուկայում ինչ զարգացումներ կլինեն վաղը, մեկ ամսից, մեկ տարուց։ Համաշխարհային տնտեսական ֆորումը, Դելոյթի հետ համատեղ, 2017 թվականին պարենի համաշխարհային համակարգերի զարգացման սցենարային պլանավորում իրականացրեց։ Պարենային ապրանքների ազատ առևտրի սահմանափակումն ու արտադրող երկրների կողմից սեփական ազգաբնակչության պարենային ապահովությանը միտված պրոտեկցիոնիստական քաղաքականության իրականացումը կարող է դառնալ այն ուղղությունը, որով աշխարհն առաջ կգնա։

Հայաստանում սելիտրայի մեկ պարկի գինը 6-7,000-ից հասել է 20-21,000-ի։ Ռիսկի տակ է ոչ միայն այս տարվա գարնանացանը այլլև անցյալ տարվա աշնանացանը։ Մարտից գյուղացիները սկսում են հողը պարարտացնել։ 20,000 դրամը շատերի համար հասանելիության սահմաններից վեր է։ Եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գյուղացին կհայտնվի անելանելի վիճակում։ Շատերը վարկ են վերցրել, սերմացու ու վառելիք են գնել, աշնանը սերմը ցանել են։ Եթե գարնանը հողին պարարտանյութ չտան, ամեն ինչ կկորի։ Մարդիկ ոչ միայն չեն ստանա ակնկալած եկամուտը, այլև ֆինանսական վնաս կկրեն, չեն կարողանա վերցրած վարկերը վերադարձնել։ Երկիրը ստիպված կլինի ավելի շատ հաց ներմուծել, այլև ավելի թանկ վճարել դրա համար։ Առանց այդ էլ Արցախի ցորենի արտերը թուրքին հանձնելուց հետո մեր կախվածությունը ներմուծումներից ավելացել էր։ Հիմա էլ այս նոր փորձանքը։

Այս հարցը փորձեցի քննարկել ձեռքի հետ նաև գյուղատնտեսության նախարար Վահան Քերոբյանի հետ։ Կոնկրետ հարց տվեցի․ «Պարարտանյութը թանկացել է, սերմացուն թանկացել է։ Պետությունն ինչպե՞ս է պատրաստվում օգնել գյուղացուն։ Նախկինում սուբսիդիա էր տրվում, կենտրոնացված գնում ու բաշխում էր իրականացվում, հիմա ի՞նչ է արվում»։ Քերոբյանը սկսեց փիլիսոփայել գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ու ինտենսիվ այգիների մասին։ Հետո պարզվեց, որ ագրարային համալսարանի հետ ուսումնասիրություններ են անում։ էդ մարդուն ի՞նչ բացատրես, որ մինչև իրենց ուսումնասիրությունն ամփոփեն ու հերթական գեղեցիկ ռազմավարությունը երկնեն, բանը բանից վաղուց անցած կլինի։ Այնպես որ, եթե վաղը հացը թանկի, անմշակ վարելահողերի մակերեսը մեծանա, իսկ գյուղերն ամայանան, չշտապեք մեղադրել Քովիդին ու համաշխարհային սղաճին։ Ձախորդությունների արմատը մեր հողում է գտնվում․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը