Քաղաքական

07.02.2022 20:30


«ԲԴԽ իրավաբան-գիտնականները պետք է լինեն 65 տարեկանից ցածր». ՍԴ-ն վաղը քննելու է ընդդիմադիր պատգամավորների դիմումը

«ԲԴԽ իրավաբան-գիտնականները պետք է լինեն 65 տարեկանից ցածր». ՍԴ-ն վաղը քննելու է ընդդիմադիր պատգամավորների դիմումը

Սահմանադրական դատարանը վաղը ՝փետրվարի 7-ին, քննելու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից։

Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում:

NEWS.am-ի հետ զրույցում դիմումատու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ ըստ իրենց դիմումի, ԲԴԽ իրավաբան-գիտնականները պետք է լինեն 65 տարեկանից ցածր, ինչպես դատավորների դեպքում է։

«ԲԴԽ-ն դատավորների դեմ կարգապահական վարույթներ քննելիս կամ հենց վերջերս, երբ անձեռնմխելիության հարցը քննում էր, հանդես է գալիս որպես դատարան։ Ցանկացած անձը, երբ դիմում է դատարան, ակնկալում է, որ իր դատավորը չի կարող լինել 65 տարեկանից բարձր, դա ամրագրված է Սահմանադրությամբ։ Բայց երբ դատավորն է ակնկալում արդար դատաքննություն, ստացվում է, որ նույն ակնկալիքը պետք է չունենա, եթե առաջնորդվենք այն մեկնաբանությամբ, որը տեղի ունեցավ ԱԺ 7-րդ գումարման կողմից, երբ Գագիկ Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ անդամ որպես իրավաբան-գիտնական։ Հոդվածներից մեկը հստակ նախատեսում է, որ դատավորի համար նախատեսվող պահանջները, այդ թվում՝ լիազորությունների դադարման, տարածվում են նաեւ իրավաբան-գիտնականների վրա։ Ժամանակին որպես հակափաստարկ այդ պնդման, ներկայացվում էր այն, որ Գագիկ Հարությունյանը եւս ԲԴԽ անդամ էր ընտրվել՝ լինելով 65 տարեկանից բարձր։ Գագիկ Հարությունյանի դեպքում նախատեսված անցումային դրույթ կար ԲԴԽ-ի առաջին կազմի ձեւավորման վերաբերյալ»,-նշեց Արամ Վարդեւանյանը եւ հավելեց, որ Գագիկ Ջհանգիրյանն անցել է ընդհանուր դրույթների հիման վրա։

Վարդեւանյանը նաեւ նշեց՝ ինքը ՍԴ պաշտոնական կայքի շնորհանդեսին հրապարակված լուսանկարներում տեսել է, որ ՍԴ նախագահի կողքին նստած է եղել Գագիկ Ջհանգիրյանը. «Երբ գիտես, որ կոնկրետ անձի պաշտոնը գտնվում է ՍԴ-ի վարույթում, այդ անձին չեն հրավիրում կայքի շնորհանդեսին։ Ինչեւէ, գուցե դա որեւէ նշանակություն չի ունենում»։

Այս խորագրի վերջին նյութերը