Հարցազրույց

17.03.2022 08:54


«Իշխանությունները «տորգ»-ի մեջ են մտել. պատրաստ են Արցախը հանձնել Ադրբեջանին». Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Իշխանությունները «տորգ»-ի մեջ են մտել. պատրաստ են Արցախը հանձնել Ադրբեջանին». Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Արդյոք մենք վստա՞հ ենք, որ Ռուսաստանը դուրս չի գալու նաև ԵԱՀԿ-ից, նմանատիպ գնահատականներ արդեն ռուսական քաղաքական-վերլուծական շրջանակներում կան: Եթե դուրս գան ԵԱՀԿ-ից, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը կդադարի գոյություն ունենալ: Բացի այդ, օբյեկտիվ լինենք՝ ներկայիս իրավիճակում դժվար է պատկերացնել, որ հակամարտության մեջ գտնվող Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կկարողանան ընդհանուր դիրքորոշում ձևավորել այս հարցի վերաբերյալ»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Ադրբեջանը հրապարակեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները, որից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, թե Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի պայմաններին և դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։

Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանի բոլոր առաջարկները հայկական կողմի հետ կարծես համաձայնեցված են. «Հայաստանի իշխանությունների բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ՝ այո, իրենք պատրաստ են Արցախը հանձնել Ադրբեջանին՝ ինչ-որ կարգավիճակի շրջանակներում: Իշխանությունները «տորգ»-ի մեջ են մտել ադրբեջանցիների հետ, նրանց համար այդ 5 կետերից ամենակարևորը 5-րդ կետի վերջին մասին էր, որտեղ խոսքն այն մասին է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնելու միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող պրոյեկտների իրականացմանը: Եթե թարգմանենք, սա նշանակում է, որ Ադրբեջանը և Թուրքիան ասում են, որ՝ եթե դուք ստորագրեք այս փաստաթուղթը, մենք պատրաստ ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում: Այդ ներդրումները Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ են ոչ թե նրա համար, որ տնտեսությունը զարգանա և այլն, Նիկոլ Փաշինյանի համար սա հնարավորություն է գոնե մասամբ վերականգնել իր սոցիալական հենարանը, որը 2018թ. հետո անընդհատ մաշվում է, և այդ հենարանը նա տեսնում է թուրք-ադրբեջանական ներդրումների շրջանակում:

Երբ Թուրքիայի նախագահի աշխատակազմից արձագանքեցին այդ 5 պայմաններին, այնտեղ էլ խոսվեց այդ 5-րդ կետի մասին, որ միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր կիրականացվեն: Իշխանություններն ասում են՝ մենք կանենք այն, ինչ մեզանից ակնկալվում է, կստորագրենք փաստաթուղթը, բայց մեզ անհրաժեշտ են հստակ երաշխիքներ առ այն, որ այդ ներդրումները կլինեն, այսինքն՝ իրենց համար երաշխիքներ են անհրաժեշտ, որ իրենց ներդրումները կիրականացնեն»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ հայրենիք՝ ներդրումների դիմա՞ց, նա պատասխանեց. «Միանշանակ»:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ ինչո՞ւ վերցնել մի մասը, եթե կարելի է վերցնել ամբողջը. «Տրամաբանական է, որ այս ամենի շրջանակներում իրենք փորձելու են հասնել իրենց նպատակին: Ցանկացած փաստաթուղթ գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև ռազմաքաղաքական բալանսը կողմերի միջև թույլ է տալիս այդ փաստաթուղթը կյանքի կոչել կամ պահպանել: Հենց մեր թուլացումը հասնի իքս կետի, անգամ ստորագրվող խաղաղության պայմանագիրը փաշինյանական Հայաստանը չի փրկի նոր պատերազմից: Սա այնքան տրամաբանական է: Խաղաղության դարաշրջան չի լինելու»:

Հետաքրքրվեցինք՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուս խաղաղապահները պետք է դո՞ւրս գան Արցախից, նա պատասխանեց. «Այնպես չէ, որ դա կախված է լինելու մեզանից. Եթե ռուսական կողմը կարողանա նույն Ուկրաինայում հասնել հաջողության, կարողանա ամրապնդել ռազմաքաղաքական դիրքերը գոնե պոստսովետական տարածաշրջանում, այդ հարցը լինելու է ռուս-ադրբեջանական բանակցությունների առաջնային հարցերից մեկը: Եթե Ռուսաստանը պարտվի, Ադրբեջանին ոչինչ չի խանգարելու փորձել անգամ վերջերս ստորագրված դաշնակցային հռչակագրի դեմ որոշակի գործողություններ իրականացնել: Ձեր հարցի պատասխանը մեր իշխանություններն էլ են տվել. Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը սահմանային միջադեպերի հետ կապված ասաց, որ ռուսական և ադրբեջանական կողմը պետք է այդ հարցերը քննարկեն: Մտովի իրենք արդեն հանձնել են Արցախն Ադրբեջանին և Ռուսաստանին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը