Կարծիք

18.03.2022 12:47


Մեր ճակատագիրը չի կարող որոշվել փակ սենյակներում

Մեր ճակատագիրը չի կարող որոշվել փակ սենյակներում

Հանրային գործիչների և մտահոգ հասարակության շերտը իշխանությունից սպասելիք չունի։ Վերաբերմունքը իշխանության հանդեպ հստակ է։ Կա՞ սպասելիք ընդդիմությունից, իհարկե` կա։ Ի վերջո, սա հիմնականում ընդդիմությանը ձայն տված ու շատ հարցերում ընդդիմությանը մեծապես օգնած շերտն է։

Անմիջապես ծագում է երկու հարց.

1. Կա՞ երաշխիք, որ ընդդիմությունը միայնակ կիրականացնի սպասելիքները։ Իհարկե չկա։

2. Ի՞նչ ենք հասկանում ընդդիմություն ասելով։ Որքանո՞վ են արդյունավետ ընդդիմության այսօրվա ձևաչափերը։

Այս պայմաններում հանրային գործիչների, հանրային դեմքերի դերակատարումը շեշտակի մեծանում է։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը տարբեր ոլորտների (քաղաքագիտական, փորձագիտական, պրոֆեսորադասախոսական, մշակութային և այլն և այլն) հանրային այն դեմքերի մասին է, որոնք որպես կանոն ունենում են քաղաքացիական դիրքորոշում։

Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի հանրային վերնախավը այս ճակատագրական պահին։

Խնդիր առաջին.

Ճնշում իշխանությունների վրա, ստիպել՝ բացել փակագծերը. ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք բանակցում, ի՞նչ է քննարկվում, ինչի՞ն եք արդեն համաձայնություն տվել, ի՞նչն եք գաղտնի պահում և այլն։ Հայ ժողովրդի և մեր պետության ճակատագիրը չի կարող որոշվել փակ սենյակներում՝ մի քանի հոգով։ Մենք մեկ անգամ, լսել ենք՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք» ձևակերպումը, որի հետևանքը ազգային աղետն էր։ Երկրորդ անգամ նույնը բանը չի կարելի թույլ տալ։ Ուրեմն պետք է ահռելի ճնշման ալիք բարձրացնել՝ բացել փակագծերը, և դա հենց հանրային դեմքերի առաքելությունն է։

Խնդիր երկրորդ

Սկսել միջընըտրազանգվածային երկխոսություն։ Սա այն հարցը չէ, որը պետք է բաժանի մեր հասարակությանը, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին։ Հայկական ռեսուրսի վերականգնումը պետք է սկսել երեք խոշոր ընտրազանգվածների հաշտեցմամբ՝ Նիկոլին ձայն տված 680 հազարի, Նիկոլին մերժած 400 հազարի և տանը մնացած 800 հազարի. նրանք բոլորն ունեն նույն հայրենիքը, որը հիմա պատմական վտանգի առաջ է։ Ու հիմա հանրային գործիչների խնդիրն է՝ սկսել այդ երկխոսությունը և նպաստել թշնամանքի ու բարիկադների քանդմանը։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Ով կանի հակառակը՝ աշխատում է Էրդողան-Ալիև զույգին համահունչ։

Խնդիր երրորդ

Տալ մեզ սպառնացող ռիսկերի հստակ ձևակերպումները, նշել կարմիր գծերը, որոնք իրավունք չունենք անցնել, տալ առաջիկա տարիների համար Հայաստանի և Արցախի՝ մեր հայրենիքի տեսլականը։

Այսօր ժողովրդի 90 տոկոսը չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է։ Չի հասկանում, որ մեզ սպառնում է հայաթափ Արցախ ու անդեմ Հայաստան՝ թուրք-ադրբեջանական միջին բիզնես սպասարկող հայկական ռեզերվացիայի կարգավիճակ։ Հանրային դեմքերը, օգտագործելով իրենց ճանաչվածությունը, հեղինակությունը, պետք է ուղիղ և պարզ խոսեն ժողովրդի հետ։ Խոսեն այսօ´ր, վաղը ուշ է լինելու։

Խնդիր չորրորդ

Կասեցնել իշխանությունների մանիպուլյացիաները։ Մի պահից իշխանությունը դիմելու է իր հայտնի ոճին՝ իրականության խեղաթյուրում։ Իշխանությունը տիրաժավորելու է թեզ, թե «խաղաղության դարաշրջանի հակառակորդները ժողովրդին տանում են նոր պատերազմի»։

Ոչ ոք չի ուզում պատերազմ և ոչ ոք չի տանելու պատերազմի։

Այս «Խաղաղության դարաշրջանի» այլընտրանքը հարևանների հետ նորմալ արժանապատիվ հարաբերությունների հաստատումն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, արդար խաղաղության հաստատումը։

Խնդիր հինգերրորդ

Հանրային գիտակցության մեջ ապահովել այսօրվա իշխանությանը այլընտրանքային բովանդակություն։ Ցավոք, կա հավանականություն, որ այս վճռորոշ պահին առկա ընդդիմադիր ձևաչափերը գնալու են պարզ հակաիշխանական արշավի ճանապարհով, որտեղ կարևորվելու է ձևը, և ոչ թե բովանդակությունը։ Սա շատ վտանգավոր է, որովհետև այդ դեպքում իշխանությունը կհաջողի։ Օրինակ՝ Թուրքիային գրկաբաց ու անվերապահ տրվելու այլընտրանքը ոչ թե արմատական հակաթուրքականությունն է ու փակ սահմանի կուլտը, այլ՝ Թուրքիայի հետ պրագմատիկ բանակցությունները՝ գրագետ ձևակերպած խնդիրներով և պետական շահի բարձր գիտակցմամբ։

Հանրային էլիտաների խնդիրն է՝ ձևակերպել ճիշտ բովանդակություն, «հակաիշխանությանը» տալ միտք և բանաձևեր, ձևավորել իրավիճակին համարժեք հասարակական մթնոլորտ, և բնական ճանապարհով, իրավիճակից ելնելով, նոր քաղաքական հոսանքներ ու ձևաչափեր ստեղծել։

Հաջողության մեր ռեսուրսը

Վերջին 2-3 տարում ձևավորվել է նոր հանրային շերտ՝ կիրթ, պետական շահի գիտակցմամբ քաղաքացիների։ Հայրենիքը պայմանական հասկացություն համարող՝ արևմտյան մեդրեսեներում ձևավորված «քաղհասարակությունը» մեզ բաժին հասած ցավոտ դեպքերի արդյունքում փոխարինվել է գիտելիք, փորձ և քաղաքացիական կեցվածք ունեցող անհատներով։ Հիմա անհրաժեշտ է, որ այդ անհատների ձայնը փոխվի, դառնա ավելին, քան պարզապես անհատական խոսքն է։ Այն պետք է դառնա ծրագիր, շարժում, ստանա ավելի լուրջ բովանդակություն։

Եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որ ուզում է պետություն ունենալ և հայկական Արցախ, ուրեմն մենք անպայման ունենալու ենք։ Դավիթ Հարությունյանը «Հայկական օրակարգի» քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ հասարակության ակտիվ 2 տոկոսը բավարար է իրավիճակ փոխելու համար։ Մեր խնդիրն է՝ դառնալ այդ 2 տոկոսը և համախմբել 200 հազարին։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս խորագրի վերջին նյութերը