Լրահոս

28.07.2011 14:13


Ն.Փաշինյան. «Եթե երկխոսությամբ արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը սպառված համարվի, ՀԱԿ–ն այդ բանակցություններում անելու բան չի ունենա»

Ն.Փաշինյան. «Եթե երկխոսությամբ արտահերթ ընտրությունների հասնելու  հնարավորությունը սպառված համարվի, ՀԱԿ–ն այդ բանակցություններում անելու բան չի ունենա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արտահերթ ընտրություններ կլինեն կա՛մ երկխոսության միջոցով, կա՛մ համաժողովրդական շարժման ներքո։

Պատասխանելով «7օր»–ի հարցին՝ եթե մինչև սեպտեմբեր իշխանությունները չհամաձայնվեն արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա ՀԱԿ–ը դուրս կգա՞ երկխոսության ձևաչափից, նա ասել է, որ եթե արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ իշխանությունների հետ բանակցություններն արդյունքներ չտան, տեղի կունենա ջրբաժան։

–Եթե երկխոսությամբ արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը համարվի սպառված, ապա, բնականաբար, Հայ ազգային կոնգրեսն այդ բանակցություններում անելու բան չի ունենա. անելու բան կունենա Ազատության հրապարակում,–նշել է նա։

Պատասխանելով մեր այն հարցին, որ եթե իշխանությունները որպես փոխզիջում առաջարկեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ՀԱԿ–ը կհամաձայնվի՞, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀԱԿ–ն իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է  երկու օր առաջ տարածած  հայտարարության մեջ, որտեղ ընդգծվել է, որ իրենք նախագահական ընտրությունները տեսնում են հոկտեմբերին։

–Դուք ասում եք՝ եթե իշխանությունն ինչ–որ բան առաջարկի։ Ես չեմ կարող չեղած առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն անել. ես կարող եմ ասել, որ մեր  դիրքորոշումը հետևյալն է՝ արտահերթ նախագահական ընտրություններ հոկտեմբերին։ Ի՞նչ փոխզիջում։ Արտահերթ նախագահական ընտրություններին իշխանություններին անցնցում հեռանալու  հնարավորություն տալն արդեն լուրջ փոխզիջում է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը